Orange-ը գործարկեց հեռախոսի ապահովագրության ծառայություն

OrangeԱյսօր Orange-ը հայտարարեց իր հաճախորդներին ուղղված մի նոր և բացառիկ ծառայության մեկնարկի մասին: Նրանք, ովքեր բջջային հեռախոս կգնեն Orange-ի խանութներից, կկարողանան այն ապահովագրել վնասների, գողության ու կորստի դեպքերի համար:

Հեռախոսի ապահովագրության ծառայությունն Orange-ը տրամադրում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ համատեղ, որը Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարն է:

«Այս ծառայությունը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում, և մենք ուրախ ենք առաջարկել այն նաև Հայաստանի մեր հաճախորդներին: Ի լրումն բոլոր այն առավելությունների, որ մեր հաճախորդները ստանում են Orange-ի խանութներից հեռախոս գնելիս՝ ներառյալ լիարժեք հետվաճառքային սպասարկում, երաշխիք ու զեղչեր, որոնք տրամադրվում են հեռախոսը մեր ծառայությունների հետ համատեղելիս, այժմ մեր բաժանորդները կարող են է՛լ ավելի հանգիստ ու ապահով զգալ, հատկապես սմարթֆոն գնելիս», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Հաճախորդները կարող են կնքել ապահովագրության պայմանագիրը գնումը կատարելու պահին: Ապահովագրությունը կծածկի այն դեպքերը, որոնք նախատեսված չեն երաշխիքային սպասարկմամբ, այսինքն վնասների, կորստի և գողության դեպքերը: Ծառայությունն այսօրվանից կգործի Orange-ի 19 խանութներում, իսկ մինչև նոյեմբերի վերջ՝ վաճառքի և սպասարկման ողջ ցանցում՝ ներառելով բոլոր 76 խանութները:

Հեռախոսի կոտրվելու կամ վնասվելու դեպքում, երբ հեռախոսը փաստացի հաճախորդի ձեռքին է, հաճախորդը պետք է դեպքի մասին անհապաղ տեղեկացնի ապահովագրողին 31-10-10 հեռախոսահամարով և դիմի Orange-ի խանութներից որևէ մեկը` ներկայացնելով երաշխիքային կտրոնը: Orange-ը կհոգա վերանորոգման մասին և կառաջարկի հեռախոս ժամանակավոր օգտագործման համար: Իսկ հեռախոսի կորստի դեպքում կփոխհատուցվի հեռախոսի արժեքը՝ հաշվի առնելով տվյալ հեռախոսի մաշվածությունը: Փոխհատուցման գումարը կախված է լինելու գնման օրվանից մինչև փոխհատուցման օրն ընկած ժամանակահատվածից. որքան նոր է հեռախոսը, այդքան մեծ է փոխհատուցվող գումարը: Փոխհատուցման ամբողջական սխեման ներկայացված է http://www.orangearmenia.am/phones/Orange-Care/phone-insurance.php հասցեով:

Հեռախոսի գողության դեպքում կհատուցվի նաև կատարված խարդախ զանգերի արժեքը՝ 30000 ՀՀ դրամ գումարի սահմաններում: