Հայտնի են Հայաստանում StartUp Cup մրցույթի հաղթողները

Նոյեմբերի 18-ին Այբ ավագ դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանում StartUp Cup» բիզնես մոդելների մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան արդեն չորս ամիս տևող մրցույթի հաղթող թիմերը, ինչպես նաև հայտարարվեց Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի մեկնարկը:

Մրցույթը, որը «StartUp Cup» բիզնես մոդելների մրցույթի համաշխարհային ցանցի մաս է կազմում, Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Այն զարգացման վաղ փուլում գտնվող ձեռներեց թիմերին տրամադրում է համայնքահեն երկարաժամկետ աջակցություն: Ցանկացած բիզնես-գաղափար կարող է ներկայացվել մրցույթին, որը բիզնես հիմնելու և աշխատատեղեր ստեղծելու ապացուցված մոդել է:

Հայաստանում StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի համակազմակերպիչներն են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Այբ ավագ դպրոցը:

Այս տարի մրցույթին դիմեցին 48 հայաստանյան ստարտափ թիմեր և ընկերություններ, որոնք ս.թ. հուլիսից նոյեմբեր ամիսներին ստացան բիզնես խորհրդատվություն և ուղղորդում մոտ 20 փորձառու ձեռներեցների և բիզնես առաջնորդների կողմից: Մասնակիցները մշակեցին բիզնես մոդելներ, ձևավորեցին իրենց թիմերը և զարգացրեցին տարբեր բիզնես ձիրքեր, այդ թվում` ինչպես դիմել ներդրողներին, կառավարել ֆինանսներն ու վաճառք իրականացնել:

Այս տարի եզրափակչում մրցող յոթ թիմերն ու հաղթողներն են`

–          Betchili-ն օնլայն գեյմինգի հարթակի նախագծով – առաջին տեղ
–          Brainy Beans-ն անգլերենի դասընթացների ցերեկային կենտրոնի նախագծով – երկրորդ տեղ
–          Green Bike Delivery-ն հեծանվային առաքման ծառայության նախագծով – երրորդ տեղ
–          Forkize-ը տվյալների բազայի վերլուծական գործիքի նախագծով – հատուկ մրցանակ
–          My Sales
–          Online-taxi.am
–          Talin Dolls

Հատուկ մրցանակ անվանակարգում և առաջին տեղի հաղթողները «Ամերիաբանկ»-ի կողմից կստանան Visa Platinum վճարային դեբետային քարտ, իսկ երկրորդ ու երրորդ տեղերի հաղթողները կստանան «Ամերիաբանկ»-ի Visa Gold վճարային դեբետային քարտ: Մրցույթի հաղթողը նաև կստանա անվճար իրավաբանական խորհրդատվություն LegalLab law boutique-ի կողմից, ինչպես նաև www.conceptcloud.cc համակարգի միջոցով պրետոտիպի զարգացման և փորձարկման անվճար ծառայություն Demobakery-ի կողմից:

«Հայաստանում StartUp Cup-ը բիզնես մոդելների հաջողված մրցույթի հիանալի օրինակ է: Աշխարհի 46 երկրներում այժմ գործում են ավելի քան 60 լիցենզավորված StartUp Cup մրցույթներ, որոնք իրականացվում են գործին հավատարիմ և կրքոտ տեղական կազմակերպիչների կողմից: Այս համատեքստում Հայաստանյան StartUp Cup-ը բացառիկ աճ է արձանագրել: Այդ իսկ պատճառով, հիմնվելով ստարտափների և ձեռներեցների ներկայացրած որակի, դատավորների և մենթորների ցուցաբերած աջակցության և Հայաստանի ձեռներեցական էկոհամակարգի ներուժի վրա մենք ընտրել ենք Երևանը որպես Համաշխարհային StartUp Cup-ի վայր, որը տեղի կունենա 2014թ. մարտին: Այս երկիրը ձեռներեցական ոգու և նորարարության կենտրոն է»,- ասաց «StartUp Cup»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Շոն Գրիֆինը:

«Վերջին երկու տարում Հայաստանում StartUp Cup մրցույթի արդյունքում ոչ միայն նոր բիզնես գաղափարներ են առևտրայնացվել և մուտք գործել շուկա, այլև կայացել են մի շարք ստարտափ ընկերություններ և ավելի քան 20 աշխատատեղեր են ստեղծվել»,- հայտնեց մրցույթի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը: «Այս տարի ևս 138 երկրների թվում Հայաստանը նույնպես կնշի Համաշխարհային ձեռներեցության շաբաթը, որի ընթացքում կկազմակերպվեն մի շարք հետաքրքիր և ձեռներեցությանն ու նորարարությանը նվիրված միջոցառումներ` դասընթացներ, աշխատանքի տոնավաճառ, դասախոսություններ, դրամաշնորհի մրցույթ, ինչպես նաև ձեռներեցության թեմայով համաժողով Թումո կենտրոնում»: