«ԱրմենՏել»-ի լայնաշերտ ինտերնետը հասանելի կլինի Հայաստանի ևս 4 բնակավայրում

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում  է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի հեռախոսաֆիկացման և Լոռու մարզի Ախթալա քաղաքի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին։ Աշխատանքների արդյունքում կտեղադրվեն նոր մայրուղային գծեր, այդ թվում՝ օպտիկամանրաթելային, կվերակառուցվեն գործող կապի հանգույցներն, իսկ Ախթալա քաղաքի  գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։ 

Վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ–ի դեկտեմբերի վերջին։   Միևնույն ժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը կիրականացնի ADSL2+ տեխնոլոգիաների տեղադրում Տավուշի մարզի Ոսկեպար և Աչաջուր համայնքներում, ինչի արդյունքում համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններից:

«Ձգտելով դարձնել կյանքն ավելի լավ՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է  զարգացնել կապի ենթակառուցվածքները մարզերում: Ուրախ եմ տեղեկացնել, որ ավարտելով նոր տարվա նախաշեմին արդիականացման աշխատանքները մենք կկարողանանք պարգևել Ախթալայի, Աչաջուրի, Ոսկեպարի և Ծաղկահովիտ մեր հաճախորդներին հասանելիություն նոր ժամանակակից տեխնոլոգիաներին և Beeline ծառայություններին», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը։ Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ: