Orange-ն ամփոփեց 2013թ.-ի ընթացքում ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները` ուղղված ցանցի թողունակության շարունակական մեծացմանն ու ծածկույթի ընդլայնմանը:
2013թ. ընկերությունը շարունակել է իր ցանցի ընդլայնման աշխատանքները Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում նաև այնպիսի գյուղերում, որոնք նախկինում որևէ օպերատորի կողմից ծածկույթով չապահովված չէին, ինչպես Լոռու մարզի Անտառամուտ, Կաճաճկուտ գյուղերը, Սյունիքի մարզի Գեղանուշ, Գոմարան, Բնունիս և Դիցմայրի գյուղերը: 100-400 բնակիչ ունեցող այս գյուղերում այժմ արդեն հասանելի է Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների լայն պորտֆոլիոն:
Տարվա ընթացքում ցանցի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ Orange-ը Երևանում և մարզերում մշտապես իրականացրել է նաև ցանցի թողունակության մեծացման աշխատանքներ, ինչը հնարավորություն է տվել տրաֆիկի զգալի աճի պայմաններում պահպանել ծառայությունների բարձր որակը: Ցանցի թողունակության մեծացման շնորհիվ բարելավվել է Արարատ մարզի Բերքանուշ, Դալար, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Աստղաձոր, Լանջաղբյուր, Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Ակունք, Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Շիրակի մարզի Ջրափի, Սարակապ, Հայկաձոր և շատ այլ գյուղերում և քաղաքներում մատուցվող ծառայությունների որակը:
«2013-ին իրականացրել ենք ցանցի բարելավման մեծածավալ աշխատանքներ, ինչը մեր ծառայությունների որակի ապահովման կարևոր գործոններից է: 2013թ շարունակել ենք ցանցի ծածկույթի ընդլայնման աշխատանքները` բարելավելով կապի որակն արդեն ծածկված տարածքներում, ինչպես նաև ծածկույթ ապահովելով նոր բնակավայրերում, որոնցից մի քանիսը մինչ այդ որևէ շարժական կապի օպերատորի կողմից ծածկույթով ապահովված չեն եղել: Ընդլայնել ենք նաև 42 Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը, ինչի արդյունքում այժմ Էջմիածին և Արարատ քաղաքներում, և շուտով նաև Աբովյանում, գործում է գերժամանակակից 3G+ տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցը, ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ընդհանուր առմամբ, ներկայումս մենք ծածկույթ ենք ապահովում Հայաստանի բնակչության 97%-ին` առաջարկելով բարձրորակ ապրանքների և ծառայությունների լայն ընտրություն և ապահովելով լավագույն որակը՝ ըստ միջազգային տեխնիկական աուդիտի: Մենք իհարկե կանգ չենք առնելու մեր ձեռքբերումների վրա, և 2014թ. կրկին կլինի նշանակալից ներդրումների տարի՝ ուղղված նոր տարածքներ ծածկույթով ապահովելուն և ցանցի թողունակությունը մեծացնելուն», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: