Ապրիլի1-ից ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է փոխել իր շարժական կապի օպերատորին` միևնույն ժամանակ պահպանելով իր ամբողջական համարը

_MG_2128Հունվարի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները» լրացնող որոշում, համաձայն որի` 2014թ.-ի ապրիլի 1-ից ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է ցանկության դեպքում փոխել շարժական կապի իր օպերատորին` միևնույն ժամանակ պահպանելով իր ամբողջական համարը: Գործող համարը նոր ցանցում ակտիվացնելու գործընթացն դեպքերի ավելի քան 90%-ում կիրականացվի մեկ աշխատանքնային օրվա ընթացքում և կլինի անվճար:

«Երեկ պատմական օր էր Հայաստանի շարժական կապի ոլորտում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ միայն հաստատել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկը 2014թ.-ի ապրիլի 1-ին, այլ մշակել նաև մի ընթացակարգ, որը կերաշխավորի բոլոր օպերատորների կողմից «խաղի կանոնների» պահպանումը և կապահովի, որ  համարների տեղափոխման գործընթացը լինի հեշտ ու անվճար և լիովին համեմատելի եվրոպական լավագույն փորձին», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Orange-ը կշարունակի բաժանորդներին ընձեռել ընկերության ծառայություններին բաժանորդագրվելիս 1 դրամով հեռախոս ձեռք բերելու հնարավորությունը: Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության նախատեսվող մեկնարկի համատեքստում մենք, իհարկե,  կտրամադրենք հեռախոսների ապակոդավորման ծառայություն` ըստ բաժանորդների ցանկության` համաձայն ընդունված կանոնակարգի», լրագրողների հարցերի ի պատասխան հավելեց Ֆրանսիս Ժելիբտերը: