5 բան, որ դու չգիտեիր հայկական Android շուկայի մասին

Եթե արդեն ավարտել ես բջջային հավելվածներ ստեղծելու դասընթացներն ու պատրաստվում ես գրել քո առաջին հավելվածը, պետք է առաջին հերթին հասկանալ, թե կոնկրետ ինչ ես պատրաստվում ստեղծել։ Դրա համար պետք է կատարել շուկայի հետազոտություն։ Լավ զարգացած շուկաները, ինչպիսին, օրինակ, ԱՄՆ-ի շուկան է, շատ լավ հետազոտված են, այս թեմայով կարելի է բազմաթիվ տվյալներ գտնել շուկայի միտումների, պահանջների մասին։ Սակայն եթե քեզ անհրաժեշտ թիրախային շուկան զարգացող է ու փոքր, ինչպիսին հայկականն է, ապա հույսը մնում է դնել Google-ի խառնաշփոթ արդյունքների վրա։ Այս պատճառով որոշեցի լրացնել բացն ու կիսվել իմ փորձով, որը ձեռք եմ բերել իմ Auto Tuganq Armenia հավելվածը ստեղծելով, որն օգնում է ստուգել՝ արդյոք ՃՈ-ը տուգանել է քեզ, թե ոչ։

Տվյալները, որոնք կներկայացնեմ ստորև, վերցված են հավելվածի բեռնումների վիճակագրական տվյալներից։ Հավելվածն այս պահին ունի 11000-ից ավել բեռնում և ավելի քան 5500 ակտիվ օգտագործող։ Եվ այսպես, ինչին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել։

Հաշվի առ VivaCell-MTS բջջային օպերատորին

Չնայած Հայաստանում մյուս բջջային օպերատորներն աշխատում են նպաստել սմարթֆոնային շուկայի զարգացմանն ու իրենց կողմը գրավել բաժանորդներին, VivaCell-MTS-ը շարունակում է սմարթֆոնների շուկայում մնալ գերակայող․ Հայաստանում Android-սմարթֆոն ունեցողների 47%-ն օգտվում է հենց այս օպերատորի ծառայություններից։ Օգտագործողների 23%-ն օգտվում է Orange-ից, իսկ 18%-ը՝ Beeline-ից։ Այս փաստը կարևոր է հատկապես այն դեպքում, եթե քո հավելվածն օգտագործելու է բջջային ինտերնետ։

Փորձարկիր քո հավելվածը Samsung-ի սմարթֆոններում
Հեռախոսների շուկայում Samsung Electronics-ը աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, և հայերն իսկապես սիրում են այս ընկերության արտադրանքը։ Իմ հավելվածը տեղադրած սմարթֆոնների 25%-ը հարավկորեական արտադրության են, ավելին՝ բեռնումների թվով առաջին հինգ տեղերում Samsung-ի մոդելներն են։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ հավելվածը շատ լավ աշխատի այս սարքերում։ Եվս մեկ կարևոր նկատառում․ Samsung հեռախոսների դեպքում օգտագործելի էկրանի չափը փոքր-ինչ ավելի մեծ է, քան այլ Android հեռախոսների պարագայում, քանի որ Samsung-ը չի զբաղացնում էկրանի ներքևի մասը նավիգացիոն կոճակների համար:

Մի մոռացիր ռուսերենը

Հայաստանում վաճառվող հեռախոսների մեծ մասում լռակյաց լեզուն ռուսերենն է։ Եվ սմարթֆոն օգտագործողների մեծամասնության (83%) մոտ, հեռախոսի լռելյայն լեզուն ռուսերեն է։ Անգլերեն օգտագործում է միայն 13%-ը։ Թեև Android օպերացիոն համակարգը հասանելի է նաև հայերեն, միայն 2.7%-ն է օգտագործում այն։ Սա պետք է հաշվի առնել հավելվածի լեզուն ու տեղայնացման կարգավորումներն ընտրելիս։ Քանի որ սարքերի մեծ մասի լեզուն ռուսերենն է, ապա Play Store-ը նույնպես արտածվում է ռուսերենով, և ճիշտ կլինի, որպեսզի հավելվածն ունենա նաև ռուսերեն նկարագրություն։

Մի օգտագործիր գովազդներ

Գուցե տրիվիալ հնչի, բայց Google-ի կամ այլ գովազդներ օգտագործելը Հայաստանում նպատակահարմար չի։ Որպեսզի ինքս հասկանամ, թե կոնկրետ ինչքանով դա նպատակահարմար չի, հավելվածում տեղադրեցի Google AdMob գովազդներ։ Նախ ասեմ, որ ԱՄՆ-ում գովազդի 1000 դիտումն արժե 5-9 դոլար, իսկ Հայաստանում այս թիվն իջնում է մինչև 0.4-0.9 դոլար։ Արդյունքը եղավ այն, որ երեք ամսվա գովազդն իմ հավելվածում բերեց ընդամենը 15 դոլար։ Բացի այդ՝ այդ ընթացքում ստանում ես բազմաթիվ բացասական կարծիքներ, գնահատականներ ու մեկնաբանություններ՝ լավագույն հայկական ավանդույթներով։ Իմ հավելվածի բացասական արձագանքների մոտ 90%-ը կապված էր գովազդի հետ։

Բավարարիր մարդկանց պահանջները

Հայկական շուկան ուրախ է ողջունել ցանկացած բան, որը կհեշտացնի կյանքը։ Մինչ մյուս երկրներում գոյություն ունեն ցանկացած տեսակի հավելվածներ որոնք անում են ցանկացած պետքական ու անպետքական բան, հայկական շուկան, կարելի է ասել, դեռ դատարկ է։ Եվ պարտադիր չէ, որպեսզի հավելվածը լինի շատ յուրահատուկ ու լավը։ Օրինակ՝ հայկական շուկայում կա մի հավելված, որը ուղղակի բացում է մի հայտնի հայկական կայք սմարթֆոնի դիտարկչում… և վերջ։ Սակայն չնայած նրան, որ այս ծրագիրը գրելը 2 րոպեյի բան է ու այն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, այն բավական շատ ներբեռնումներ ունի և ստանում է դրական արձագանքներ: Այս օրինակով ուզում եմ ցույց տալ, թե ինչքան հեշտ է գրավել հայկական Android-շուկան։

Թեև այս վերլուծությունը գիտական հիմքեր չունի, բայց հուսով եմ՝ այն որոշակիորեն լույս կսփռի ներկայիս շուկայի վրա։

Անգլերեն բնօրինակը՝ այստեղ

Կարապետ Գյումջիբաշյան