Բարքեմփ 2016-ին DigiSales ընկերության տնօրեն և IP Marketing-ի համահիմնադիր Արսեն Սուլթանյանը ներկայացրեց դիջիթալ ոլորտի զարգացման թրենդները, ինչպես նաև անդրադարձավ սոցիալական մեդիա մարկետինգին, տարածված միտումներին ու նորարարություններին:
«Հայաստանում սոցիալական մեդիա մարկետինգի ոլորտը զարգանում է արագ տեմպերով՝ գրեթե համաշխարհային թրենդներին համընթաց»:
Նրա խոսքով` 2015-ի ընթացքում SMM ոլորտում աշխարհում մեծ ուշադրություն է դարձվել բովանդակային մարքեթինգին, ինֆոգրաֆիկաներին, բջջային գովազդներին, մեմերին ու ինտեգրացված արշավներին: «Բացի Ֆեյսբուքից` սկսել է օգտագործվել նաև Ինստագրամը»,-նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է SMM-ի 2015-ի հայաստանյան զարգացումներին, ապա այստեղ ևս դեռևս շատ արդիական են ինֆոգրաֆիկաները, մրցույթներ անցկացնելը, մեմերը (օգտագործում են հիմնականում անհատները): «Հայաստանում այդպես էլ չի մարում փեյջի հնարավորինս շատ լայքեր հավաքելու ձգտումը»,-ասաց Արսեն Սուլթանյանը:
2016-ի համաշխարհային թրենդներին անդրադառնալով` Արսեն Սուլթանյանը նշեց, որ մեծ տարածում ունեն վիդեոները, գիֆերը, մեմերը, 360 դիտանկյամբ նկարները: Ուշադրության կենտրոնում է կրկին բովանդակային մարկետինգը:
IP Marketing-ի համահիմնադիրը ներկայացրեց նաև սոցցանցերի հայաստանյան օգտագործողների մասին վիճակագրություն, որի համաձայն՝ Ֆեյսբուքն ունի Հայաստանում 940000 օգտագործող, որոնցից 700 հազարը մուտք են գործում սոցցանց դեսկթոփ համակարգիչներից, 730,000-ը` մոբայլից: Одноклассники սոցցանցին ընդհանուր առմամբ օգտվում է 934 հազար մարդ, որից 538 հազարը` դեսկթոփից, 410 հազարը` մոբայլից: