Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային ֆոտոմրցույթին

Սեպտեմբերի 30-ին ավարտվեց «Վիքին սիրում է հուշարձաններ» (Wiki Loves Monuments) լուսանկարչական ամենամյա միջազգային մրցույթը, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Մրցույթի ընթացքում Վիքիպահեստ վերբեռնվեց 23 926 նկար Հայաստանի 176 մասնակիցների կողմից:

Լուսանկարների քանակով երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Լեհաստանին, Ուկրաինային և Գերմանիային: Սա աննախադեպ արդյունք է մրցույթին առաջին անգամ մասնակցող երկրի համար:

itTREND.am-ը զրուցեց Հայաստանում մրցույթի կազմակերպիչներից Վաչագան Ղռաթյանի հետ: Նա նշեց, որ չէր ակնկալում այսպիսի ակտիվություն հայ մասնակիցների կողմից:

«Ես կարծում էի, որ ընդհանուր մոտ 200 նկար կվերբեռնվի հայ մասնակիցների կողմից: Այնինչ եղան անգամ մասնակիցներ, որոնք վերբեռնել էին ավելի քան 4000 լուսանկար:Քանի որ լուսանկարների քանակը սպասվածից շատ է, հնարավոր է՝ օգտագործենք վիքիպեդիայի մեծ կամավորական ռեսուրսը նկարների սկզբնական ֆիլտրացիա կատարելու համար: Կա պրոֆեսիոնալ ժյուրի՝ բաղկացած լուսանկարիչներից, ճարտարապետներից, որոնք կընտրեն հաղթող լուսանկարները», – հավելեց կազմակերպիչը:

Հիշենք, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի գլխավոր մրցանակն է ուղևորություն Լոնդոն` Վիքիմանիա կոնֆերանսին մասնակցելու և աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթում հաղթելու հնարավորություն:

2-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան մինչև 500 եվրո արժողությամբ վաուչերներ լուսանկարչական տեխնիկա գնելու համար: 10-րդից 50-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան հուշանվերներ: Կլինեն նաև հատուկ մրցանակներ: Հաղթով մասնակիցը կստանա նաև իր լուսանկարը ալյումինե տպագրությամբ:

«Վիքին սիրում է հուշարձաններ» (Wiki Loves Monuments), լուսանկարչական միջազգային մրցույթն անց է կացվում վիքի-խմբագիրների կողմից ամեն տարի սեպտեմբեր ամսին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են իրենց բնակավայրի կամ շրջանի պատմական, ճարտարապետական և բնության հուշարձանները, այնուհետև դրանք բեռնում Վիքիպահեստում։ Առաջին անգամ մրցույթը կազմակերպվել է Նիդերլանդներում 2010 թվականին։ Հաջորդ տարի մրցույթին մասնակցել է 18 եվրոպական երկիր, Վիքիպահեստ է բեռնվել շուրջ 170 000 պատկեր։