ՏՏ ոլորտի ուսանողները հանդիպել են աստղաֆիզիկայի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի հետ

Երեկ Սինոփսիս Արմենիայում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի հանդիպումը Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակակիր, աստղաֆիզիկայի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Գարիկ Իսրայելյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գիտական հետաքրքրություններից մեկի՝ արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների ուսումնասիրման հիմունքներն ու արդի վիճակը: Հանդիպմանը հաջորդել են հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներ:
Հանդիպման ավարտին Գարիկ Իսրայելյանին շնորհվել է Հաղթողների ակումբի պատվավոր անդամի կոչում: «Ձեր գործն ավելի կարևոր է, քանի որ առանց տեխնոլոգիանների մենք չենք կարող առաջ գնալ: Տեխնոլոգիական աճն է, որ առաջ է տանում աստրոֆիզիկան, որպես գիտություն», – նշել է պրոֆեսորը:
Միջոցառումը կայացավ Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ այլ ոլորտների հայտնի անհատականությունների հետ Հաղթողների ակումբի արդեն ավանդական դարձած հանդիպումների շրջանակներում:
Սինոփսիս Արմենիա-ի աջակցությամբ և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմամբ 2008թ.-ին ստեղծվել և գործում է ՀՀ Նախագահի կրթական պարգևի Հաղթողների ակումբը: Ակումբը, որն ունի 150-ից ավելի անդամներ, Նախագահի կրթական պարգևի և ՏՏ ոլորտում միջազգային/ հանրապետական օլիմպիադաների և մրցույթների հաղթողների անընդհատ ընդլայնվող խումբ է: Հաղթողների ակումբի գործունեության շրջանակներում կազմակերպվում են պարբերական հանդիպումներ ոչ միայն ՏՏ ոլորտի, այլ նաև հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքի մյուս բոլոր բնագավառների ականավոր անհատականությունների հետ: Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաեւ Հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, նպաստում է վերը նշված հանդիպումների կազմակերպմանը: