Կայացավ ԻՏՁՄ-ի և «Այբ» դպրոցի կողմից կազմակերպված հայկական և ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպումը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, խթանելու հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների միջև երկխոսությանը ու գործարար շփումների ստեղծմանը:
Հանդիպմանը մասնակցում էին մի շարք հայկական և ռուսական ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Yandex, 1C, Samsung, Dell, Acer, IBM, Siemens ընկերություններից:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նշեց, որ մեր երկրում մեծ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և նկատելի է ոլորտի լուրջ զարգացում։ «Հայաստանյան համալսարաններն ունեն ՏՏ մասնագետների համար նախատեսված մրցունակ ծրագրեր, շատ կազմակերպություններ համագործակցում են բուհերի հետ՝ կազմակերպելով պրակտիկա ուսանողների համար, բացելով բուհերում իրենց կենտրոնները և այլն»,-նշեց նա:
Ելույթով հանդես եկավ նաև ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Այբ» դպրցի տնօրեն Արամ Փախչանյանը, Դավիթ Սահակյանը, «Լույս» հիմնադրամի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչները, հոգեբան Ռուբեն Աղզումցյանը:
IBM ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Ֆիլատովը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ այս հանդիպումն առաջին հերթին լավ հնարավորություն է Հայաստանի շուկայում նոր տեխնոլոգիաներ ներկայացնելու համար։