Windows 10-ը հասանելի կլինի մի քանի տարբերակով, իսկ Windows Phone-ը կանվանափոխվի

Microsoft ընկերությունը հրապարակել է Windows 10 օպերացիոն համակարգի բոլոր տարբերակների անուններն, ինչպես նաև հայտարարել, որ Windows Phone բջջային ՕՀ-ի անունը կփոխվի։

Windows 10 Home տարբերակը հասանելի համակարգիչների մեծամասնության համար։ Այն կներառի ՕՀ-ի բոլոր հիմնական հնարավորությունները՝ Microsoft Edge նոր դիտարկիչը, Windows Hello դեմքերի ճանաչման համակարգը և այլն։

Windows 10 Pro-ն, բացի հիմնական ֆունկցիաներից, համալրված կլինի լրացուցիչ հնարավորություններով, ինչպիսին է, օրինակ, կորպորատիվ ցանցին միանալու ու հեռակա աշխատելու ֆունկցիան։

Windows 10 Enterprise-ը նախատեսված կլինի կորպորատիվ օգտագործման համար և հասանելի կլինի միայն լիցենզավորված ընկերությունների համար։

Windows 10 Education-ի հիմքում Windows 10 Enterprise-ն է։ Այս տարբերակում հաշվի են առնված կրթական հաստատությունների պահանջները։

Բացի այդ՝ Windows Phone-ն այսուհետ կկոչվի Windows 10 Mobile, որը կստանա սենսորային էկրանների համար օպտիմիզացված Microsoft Office փաթեթ։ Բացի այդ՝ ՕՀ-ը կունենա Continuum ֆունկցիան, որի օգնությամբ օգտագործողները կարող են հեռախոսն օգտագործել որպես համակարգիչ՝ միացնելով այն էկրանին կամ հեռուստացույցին։

Windows 10-ը կթողարկվի այս ամռանը, սակայն կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ։

Աղբյուրը՝ The Verge