ggTaxi հայկական ընկերությունը $200,000 դոլարի ֆինանսավորում է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամից, որը տրամադրել է ֆինանսավորման մի մասը։ Մյուս մասն ապահովել է ամերիկահայ ձեռնարկատեր, 6 խոշոր ընկերությունների, ինչպես նաև list.am կայքի հիմնադիր Սուրեն Մարկոսյանը (ittrend.am-ի բացառիկ հարցազրույցը Սուրեն Մարկոսյանի հետ կարդացեք շատ շուտով)։
ggTaxi-ն ևս $50,000 դոլար է ստացել ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակություն և նորարարություններ մրցունակության համար» ծրագրի շրջանակում։
ggTaxi-ն տաքսի պատվիրելու համակարգ է, որ ստեղծվել է gglaboratories թիմի կողմից 2014 թվականին: Այն թույլ է տալիս առանց զանգահարելու տաքսի պատվիրել: Առաջին քաղաքը, որտեղ այն կիրառվել է, դարձել է Երևանը, սակայն շուտով համակարգը կներդրվի աշխարհի տարբեր քաղաքներում: Համակարգից կարելի է օգտվել կայքի միջոցով, ինչպես նաև բեռնել համապատասխան հավելվածը App store-ից և Google Play-ից: