Ավստրալուհուն ազատազրկել են Facebook-ում ուրիշի հասցեին վատ արտահայտվելու համար

Ավստրալացի նկարչուհի Ջոդի Մագին (Jodi Magi) Աբու Դաբիում ձերբակալվել է Facebook սոցցանցում ուրիշի հասցեին վատ արտահայտվելու համար։ Այս մասին հաղորդում է Mashable տեխնոբլոգը։

39-ամյա նկարչուհին ապրում է Աբու Դաբիում 2012-ից, 2015-ի փետրվարին նա իր թաղամասում նկատել է ավտոմեքենա, որը կայանված է եղել հաշմանդամ մարդկանց համար նախատեսված հատվածում։ Մեքենան, դատելով փակցված նշանների բացակայությունից, չի պատկանել հաշմանդամ վարորդի։ Մագին լուսանկարել է տեսարանն ու տեղադրել այն սոցցանցում՝ բարկացած մեկնաբանությամբ (տեքստը չի նշվում)։

Չնայած նկարչուհին փակել էր լուսանկարում համարանիշը, տեղի բնակիչներից մեկը դատի է տվել նրան։ Հուլիսի 12-ին Մագին մեղավոր է ճանաչվել՝ սոցցանցում այլ մարդու հասցեին վատ արտահայտվելու համար ու ենթարկվել 3600 ավստրալական դոլար տուգանքի։ Բացի այդ՝ նրան ձերբակալել են մինչև երկրից արտաքսելը։ Նշենք, որ ԱՄԷ-ում ս․թ․ հունիսից ինտերնետում հրապարակված վիրավորանքները դասվում են կիբերհանցագործությունների շարքում։

Աղբյուրը՝ Mashable.com