Fambox հայկական հավելվածը թույլ կտա առցանց դիտել նորագույն հայկական ֆիլմերը (հարցազրույց)

Ֆեմբոքսը առաջին առցանց կինոհարթակն է հայկական շուկայում, որը հնարավորություն է տալիս գնել և բարձր որակով դիտել ամենանորաստեղծ ֆիլմերն անկախ վայրից և ժամանակից: Հարթակը մշակող ընկերությունը գործունեություն է ծավալում Գյումրիում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, և վերջերս դարձել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիակայի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկը: Հավելվածի մանրամասների, ընկերության հետագա պլանների շուրջ ittrend.am-ը զրուցեց Ֆեմբոքս ընկերության տնօրեն Դավիթ Հյուսյանի հետ:

12351577_1050121058352486_1818065609_o
Դավիթ Հյուսյան

– Ինչպե՞ս է աշխատում Ֆեմբոքսը, կխնդրեի ներկայացնել մանրամասները:

– Ֆեմբոքսն առաջին առցանց կինոհարթակն է հայկական շուկայում, որի գաղափարի մշակումից մինչև իրականացում կատարվում է Հայաստանում։ Հարթակի հիմնական նպատակն է հայկական ֆիլմերը, մուլտիֆլմերը հասանելի դարձնել ամբողջ աշխարհին առցանց համակարգի միջոցով։ Այն հնարավորություն է տալիս գնել և բարձր որակով դիտել ամենանորաստեղծ ֆիլմերն անկախ վայրից և ժամանակից։

Հարթակն օգատատործողների համար նաև ստեղծում է յուրահատուկ կինոդիտման մշակույթ, երբ կարելի է առցանց միջավայրում վերլուծել ֆիլմերը, առաջարկներ փոխանցել ֆիլմ արտադրող ընկերություններին, միմյանց նվիրել ֆիլմեր և այլն։

– Ո՞ր հարթակներում է հասանելի այն:

– Ֆեմբոքսը հասանելի է Samsung Smart TV օգտագործողների համար, իսկ շուտով այն կթողարկվի նաև Android, iOS հարթակների համար:

– Ո՞ր փուլում է այժմ գտնվում Ֆեմբոքս-ի մշակումը:

– Այս պահին ավարտված են հարթակի հիմնական նախագծման և ծրագրավորման փուլերը: Իրականցվում են վճարման համակարգերի վերջնական ադապտացման աշխատանքներ․ ընդհանուր առմամբ փորձարկման, առկա թերությունների ուղղման փուլում ենք։

– Ի՞նչ մրցակցային առավելություններ ունի համակարգը:

– Ֆեմբոքսը մեկտեղելու է նորաստեղծ բոլոր հայկական ֆիլմերի և մուլտֆիլմերի՝ պրեմիերաների առցանց դիտման հնարավորությունն այն փուլում, երբ դրանք դեռևս հասանելի կլինեն միայն կինոթատրոններում։

– Ո՞ր շուկաներն են ընկերության համար թիրախային:

– Առաջնային են համարվում աշխարհի այն բոլոր երկրների շուկաները, որտեղ ունենք մեծ սփյուռք, որտեղ անհամբեր հետևում են ՀՀ բոլոր ոլորտներում կատարվող նորամուծություններին։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա և այլն։

10686776_1681636655404192_1898954948672807879_n

– Քանի՞ հոգի է աշխատում այս նախագծի վրա:

– Թիմը բաժանված է տեխնիկական և ոչ տեխնիկական մասնագիտական խմբերի․ տեխնիկական խմբում աշխատում է մոտ 10 ծրագրավորող, իսկ ոչ տեխնիակական թիմում՝ բիզնես վերլուծաբաններ, վաճառքի և գովազդի պատասխանատուներ։

– Ի՞նչ նոր հնարավորություններ կունենա հարթակն ապագայում:

  • Ծրագրի նպատակն է վերածվել այնպիսի հարթակի, որը կառաջարկի նախընտրելի ֆիլմերի դիտման նոր մշակույթ և հատկապես այն մարդիկ, ովքեր զբաղվածության պատճառով բաց են թողնում պրեմիերաների դիտումը հնարավորություն կունենան վճարել և դիտել առցանց ցանկացած մոբայլ սարքով,
  • Համակարգի միջոցով միմյանց ֆիլմեր նվիրելը կվերածվի գեղեցիկ սովորության,
  • Միմյանց հետ հարթակում շփման հնարավորություն կստանան ֆիլմերի նկատմամբ նույն նախասիրություն ունեցող մարդիկ,
  • Օգտագործողներին կուղարկվի թարմ տեղեկություններ շուկայում սպասվող նոր ֆիլմերի վերաբերյալ,
  • Եվ այլն:

Այս պահին մեր ամբողջ թիմի ուժերը կենտրոնացված են Ֆեմբոքսը լիարժեք ավարտին հասցնելու նպատակի շուրջ։ Այն թողարկելուց հետո կսկսենք նաև արտադրանքի վերածել այն գաղափարները, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն, սակայն վստահաբար նորովի են ներկայացնելու հայկական արտադրանքն աշխարհին։

Ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղակայված են և ակտիվ գործունեությունն են ծավալում տեխնոլոգիական ոլորտի շուրջ 23 կազմակերպություններ: Նրանց թվին են պատկանում Ռոստելեկոմ, ԼայմՏեխ, իՎորկս, Դիջիթըլ Փոմըգրանեթ, Սեվեն Սմարթս ընկերությունները, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և այլ կազմակերպություններ: