Հայկական ՏՏ ոլորտը շարունակում է զարգանալ, ծնվում են նար ընկերություններ, որոնք հաջողություններ են գրանցում թե´ տեղական, և´ թե համաշխարհային շուկայում: Հայաստանում վերջին ժամանակներում, ի թիվս այլ ուղղությունների, սկսել է զարգացում ապրել նաև 2D և 3D անիմացիան: Այս ոլորտում իր ուրույն դերն ունի Գյումրիում ստեղծված և այնտեղ գործունեություն ծավալող Skyline Studio-ն, որն անցած տարի հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում: Այնուհետև ընկերությունը սկսել է աշխատել Տիմուր Բեկմամբետովի` ռուսական խոշորագույն պրոդյուսերական կենտրոնի հետ: Արդյունքում «Ալիսան գիտի` ինչ անել» 3D անիմացիոն 12 րոպեանոց մուլտսերիալի 5 րոպեանոց հատվածը պատրաստեց Skyline Studio-ն, որի թիմն այս պահին կազմված է 9 աշխատակցից:
Ընկերության զարգացման հեռանկարների ու ծրագրերի շուրջ ittrend.am-ը զրուցեց ընկերության տնօրեն Գուրգեն Պարոնյանի հետ:
— Ի՞նչ նոր աշխատանքներ է իրականացրել Skyline Studio-ն վերջին շրջանում:
— Ներկայումս աշխատում ենք АА ստուդիայի «10 друзей кролика» ռուսական անիմացիոն սերիալի վրա: Սա մեծ ծրագիր է, և հույս ունենք, որ դեռ երկար կհամագործակցենք իրենց հետ:
— Արդյո՞ք շարունակվել է համագործակցությունը «Ալիսան գիտի, թե ինչ անել» ռուսական մուլտիֆիլմի հետ:
— Ներկայումս մեր համագործակցությունը ժամանակավորապես դադարեցված է՝ կապված զուտ տեխնիկական խնդիրների հետ, ռուսական կողմը նախապատրաստվում է նոր սեզոնի նկարահանմանը և միայն նախնական աշխատանքների ավարտից հետո համագործակցությունը կվերսկսվի:
— Արդյո՞ք ընկերությունն աշխատում է խաղերի մշակման ուղղությամբ:
— Խաղերի մշակման ուղղությամբ ներկայումս չենք աշխատում, չնայած մի փոքր փորձ եղել է:
— Ի՞նչ խնդիրների է բախվում ընկերությունն իր աշխատանքում:
— Հիմնական խնդիրը դա մարդկային ռեսուրսն է, որը ՁԻՀ-ի կողմից կազմակերպված կրթական ծրագրերի շնորհիվ մի փոքր մեղմվել է:
— Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի Գյումրիում գործունեություն ծավալելը:
— Առավելությունը դա համեմատաբար էժան աշխատուժն է, որի շնորհիվ ավելի հեշտությամբ ենք դիրքավորվում արտաքին շուկաներում: Թերությունն, ինչպես արդեն նշեցի, որակյալ մասնագետների բացակայությունն է, որը հիմա դանդաղ, բայց հաղթահարում ենք:
— Զարգացման ու ընդլայնվելու ի՞նչ հեռանկարներ ունի ընկերությունը:
- Մեծացնել արտադրության ծավալները առնվազն 50%-ով մինչև տարեվերջ:
- Ուսուցանել ու աշխատանքի ընդունել նոր մասնագետների (մինչև 8 հոգի այս տարվա ընթացքում):
- Ամերիկյան շուկայում ավելի ներկայացված լինել:
- Մուտք գործել եվրոպական շուկա:
- Շարունակել և ավարտին հասցնել սեփական նախագիշը (քանի որ դա շատ ծախսատար է, հույս ունենք աշխատանքները սկսել աշնանը կամ ձմռանը):