Քիչ հետո «ԹՈՒՄՈ» կենտրոնում կմեկնարկի առաջին ARMENIAN BIG DATA HACKATHON-ը, որը կտևի 18 ժամ և կմիավորի հայաստանյան և միջազգային մասնագետներին: Հեքըթոնին ձևավորված թիմերն ամբողջ գիշեր կփորձեն մշակել այնպիսի լուծումներ, որոնք կլուծեն հանրային բնույթի ու սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներ: Նախագծերը կներկայացվեն ժյուրիին վաղը՝ մայիսի 14-ին:
Հեքըթոնի նախաձեռնող խմբի ղեկավար Արթուր Խալաթյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ գրանցվելու բավական դիմումներ են ստացվել մի քանի օրվա ընթացքում, թիմերը կձևավորվեն հենց տեղում: Մասնակիցները հեքըթոնից առաջ ստացել են ուսումնասիրության մի շարք նյութեր, օգտակար աղբյուրներ ու տվյալների մեծ բազան հանրօգուտ կերպով օգտագործելու հաջող նախադեպեր՝ մրցույթին պատրաստվելու համար:
«Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նման մրցույթ, ոլորտում ունենք բազմաթիվ մասնագետներ, որոնք ունեն տվյալների մեծ բազաների հետ աշխատելու, դրանք վերլուծելու լավ հմտություններ: Հեքըթոնի նպատակն է հասկանալ ու գնահատել մեր ունեցած ներուժն ու ռեսուրսները, որոնց հիման վրա էլ պատրաստվում ենք լաբորատորիա հիմնել»,-մանրամասնեց նախաձեռնող խմբի ղեկավարը:
Հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.
- Հանրային սեկտորի ինովացիոն լուծում. աջակցություն Կոլբա Լաբի կողմից՝ 3000 դոլարի չափով,
- Առաջին տեղ. 700.000 դրամ՝ մշակումը հաջորդ փուլին հասցնելու համար,
- Երկրորդ տեղ. 450.000 դրամ՝ մշակումը հաջորդ փուլին հասցնելու համար,
- Երրորդ տեղ. 200.000 դրամ՝ մշակումը հաջորդ փուլին հասցնելու համար,
- Խրախուսական մրցանակ. հանդիպում ու քննարկում հովանավոր ընկերություններից մեկի ղեկավարի հետ:
Հեքըթոնը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից՝ ԹՈՒՄՈ, VOLO, PicsArt, Ucom, Monitis, BetConstruct և Teamable ընկերությունների աջակցությամբ: