Instagram-ում կավելանա համատեղ ուղիղ հեռարձակման ֆունկցիա

Instagram-ը հայտնել է նոր ֆունկցիայի փորձարկման մասին: Թեստավորվում է համատեղ ուղիղ հեռարձակման գործառույթը, որը թույլ կտա 2 օգտատիրոջ միաժամանակ վարել ուղիղ եթեր:

«Ուղիղ եթեր դուրս գալը ընկերների և հետևորդների հետ շփման հետաքրքիր ֆորմատ է, սակայն մեն մենակ ամբողջ աշխարհի առաջ հանդես գալը անվստահություն է առաջացնում: Նոր ֆունկցիան թույլ կտա առանց դժվարության հյուր հրավիրել տեսահեռարձակման ընթացքում, իսկ դիտողները առաջվա նման կարող են հավանության նշաններ դնել և մեկնաբանություններ թողնել»,- նշված է Instagram-ի հայտարարությունում:

Երկուսով ուղիղ եթեր դուրս գալու համար անհրաժեշտ է սկսել տեսահեռարձակումը այնուհետև ավելացնել «հյուր»՝ սեղմելով էկրանի ներքևի աջ անկյունում տեղակայված կոճակը, որից հետո էկրանը կբաժանվի երկու մասի: Հեռարձակումը սկսած օգտատերը ցանկացած պահի կարող է փոխել «հյուրին»: Հեռարձակումն ավարտելուց հետո, այդ տեսագրությունով հնարավոր է կիսվել որպես Story, որն էլ կջնջվի 24 ժամ անց:

Նշենք, որ նոր ֆունկցիան դեռևս հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար, Instagram-ի ներկայացուցիչները խոստանում են առաջիկա ամիսներին այն գործարկել ամբողջ աշխարհում: