Facebook-ը խոստովանել է, որ չինական ընկերությունների համար հասանելի են օգտատերերի տվյալները

Facebook  ընկերությունը հաստատել է օգտատերերի տվյալների փոխանցման վերաբերյալ լուրերը։ Ընկերությունը հաստատել է 4 չինական ընկերության անուն` Huawei, Lenovo, OPPO և TCL of China։

«Facebook-ը աշխատել է ԱՄՆ-ի բազմաթիվ այլ տեխնոլոգիական ընկերությունների  և չինական այլ արտադրողների հետ` հեռախոսներում ծառայությունները ինտեգրելու համար», — ասել  է Facebook- ի բջջային սարքերի արտադրողների հետ գործընկերային հարաբերությունների հարցերով փոխնախագահ Ֆրանսիսկո Վարելա:

Նա ընդգծել է, որ հենց  սկզբից Facebook-ում ինտեգրման ընթացքը վերահսկվել է և սոցցանցը հաստատել է բոլոր տարրերը:

«Կոնգրեսի հետաքրքրվածությունը հաշվի առնելով` ուզում ենք հստակեցնել, որ Huawei-ի հետ նման ինտեգրացման արդյունքում ողջ տեղեկատվությունը պահպանվել է սարքում, այլ ոչ թե Huawei-ի սերվերներում», — գրել է նա:

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ 2007 թվականից  Facebook-ը օգտատերերի և նրանց ընկերների անհատական տվյալներին հասանելիություն ունենալու մասին  համաձայնագրեր  է կնքել առնվազն 60 ընկերությունների հետ, որոնք արտադրում են սմարթֆոններ եւ այլ բջջային սարքեր: Facebook-ը չի հերքել նման հարաբերությունների գոյությունը, սակայն պնդել է, որ բոլոր նման համաձայնագրերը համապատասխանում են ընկերության կանոններին եւ իշխանությունների պահանջներին: