Facebook-ը ռոբոտ է ստեղծել, որը կհուշի՝ ինչպես պատասխանել ընկերության հասցեին հնչող քննադատություններին

Facebook-ի հեղինակությունը խիստ տուժել է վերջին շրջանում տեղի ունեցած սկանդալների պատճառով ։ Առաջին հերթին, այն անդրադառնում է աշխատակիցների վրա. նրանք ստիպված են պատասխանել ընկերության հասցեին հնչող քննադատություններին՝ Facebook-ի վարած քաղաքականության վերաբերյալ:

Աշխատակիցներին օգնելու նպատակով Facebook-ի սոցիալական մեդիայի մասնագետները ստեղծել են չաթբոտ, որը ստացել է Liam Bot անվանումը: Այն նեյրոցանց է, որը կօգնի աշխատակիցներին՝ պատասխանելու խոսքի ազատության, ընտրությունների և ընկերությունում ծագած հակասությունների վերաբերյալ հարցերին:

Օրինակ, եթե Liam Bot-ին հարցնեն՝ ի ՞ նչ ես մտածում Նյու Յորքում ատելություն բորբոքելու մասին, պատասխանն այսպիսին կլինի՝ «Facebook-ը ավելի շատ մոդերատորներ է վարձել բովանդակությունը զտելու համար» կամ «Կարգավորումը կարևոր է խնդրի լուծման համար»:

Ինչպես հաղորդում Է New York Times-ը, Liam-ը մշակել են դեռևս գարնանը: Այս ամբողջ ընթացքում ծրագիրը գտնվում էր թեստավորման փուլում։ Գալիք տոներին այն արդեն լիարժեքորեն կգործի։