Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ներառվելու «YouTube»-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program): Այն թույլ կտա հայաստանցի բլոգերներին, ընկերություններին իրենց ստեղծած բովանդակությունից գումար աշխատել և այն կանխիկացնել հայկական բանկային քարտով: Այս մասին իր տարեվերջյան ասուլիսում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Գոյություն ունի YouTube partner program («YouTube»-ի գործընկերների ծրագիր) , որը թույլ է տալիս, որ իր գործընկերը լինելով՝ կարողանաս YouTube-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանը ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են YouTube partner program-ի մաս կազմել: Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,-նշել է նախարարը:
Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ 3 ճակատով աշխատում են: Դրանցից առաջինը պաշտոնական խողովակներն են. նախարարը գրություն է փոխանցել, խնդրել, որ աջակցեն: Երկրորդը՝ նախարարը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Google»-ում ու «YouTube»-ում աշխատող հայերի խմբի հետ, առաջադրել խնդիրները: Արդյունքում նրանք նույնպես փորձում են մեխանիզմներ գտնել: Երրորդ ուղղությամբ սփյուռքահայերն են փորձում աջակցել: