Բյուջետային iPhone-ի անոնսն՝ այսօր

Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ բոլորի կողմից սպասված էժան iPhone-ի անոնսը տեղի կունենա այսօր: MacRumors հարթակը հրապարակել է նոր սմարթֆոնի պաշտպանիչ կաղապարի լուսանկարը: Աղբյուրի փոխանցմամբ, լուսանկարն ուղարկել է ամերիկյան խոշոր վերավաճառող Best Buy ընկերության աշխատակիցներից մեկը: Ինչպես տեսնում ենք փաթեթավորման տուփի վրա, Urban Armor Gear կաղապարը նախատեսված է 2020 թվականի արտադրության 4.7 դյույմանոց էկրանով iPhone-ի համար:

Աղբյուրը նշում է, որ Best Buy-ի աշխատակիցներին հրահանգավորել են, որ տվյալ ապրանքը մինչև կիրակի չդնեն վաճառքի: Մասնագետների կարծիքով, դա ցույց է տալիս, որ անոնսը կլինի հենց այսօր՝ մարտի 31-ին:

PhoneArena-ի փոխանցմամբ, մարտի 31-ին Apple-ը մի ամբողջ մեծ միջոցառում էր նախատեսել, սակայն պանդեմիայի պատճառով ընկերությունը ստիպված կլինի բավարարվել շարքային թղթաբանությամբ:  

Նոր iPhone-ի գինն, ըստ որոշ աղբյուրների, կլինի 399 դոլարի սահմաններում: