Ավստրալիայի կառավարությունը կդադարեցնի Facebook–ում գովազդային արշավների իրականացումը

Ավստրալիայի կառավարությունը կդադարեցնի գովազդային արշավների և սոցիալական նախագծերի իրականացումը Facebook-ում՝ պայմանավորված այն սահմանափակումներով, որոնք ընկերությունը սահմանել է երկրի բոլոր օգտատերերի համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն՝ վկայակոչելով ABC Radio ռադիոյի եթերում Առևտրի, զբոսաշրջության և ներդրումների նախարար Սայմոն Բերմինգհեմի արած հայտարարությունը:

«Մենք կհրաժարվենք գովազդային արշավներից, քանի որ Facebook-ն անհիմն կերպով արգելափակում է կայքերը՝ փորձելով ցույց տալ իր հզորությունը կամ ազդել մեր ժողովրդավարության վրա: Մենք դա չենք հանդուրժի և կշարունակենք հավատարիմ մնալ մեր օրենսդրությանը», – ասել է Բիրմինգհեմը:

Նա նշել է, որ երկրի իշխանությունները «հորդորում են» սոցիալական ցանցին ընդունել, որ «այն պետք է վարվի այնպե՛ս, ինչպես բովանդակություն հրապարակող ցանկացած այլ հարթակ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիայում կայքերի հաճախելիությունն ընկել է այն բանից հետո, երբ Facebook-ն արգելել է նորությունների տարածումը սոցիալական ցանցում:

Tert.am