Twitter-ն ընդունել է Թուրքիայի պահանջն ու ներկայացուցիչ կնշանակի երկրում

Twitter ընկերությունն ընդունել է Թուրքիայի իշխանությունների պահանջը`տեղական ներկայացուցիչ նշանակել երկրում` որպես սոցիալական ցանցերի վերաբերյալ նոր օրենքի մի մաս, որը Թուրքիայում ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Հաճելի է տեսնել, որ Twitter-ը կատարում է իր իրավական պարտավորությունները՝ առանց համացանցային թրաֆիկի թողունակությունը կրճատելու պատժամիջոցների», – գրել է պաշտոնյան իր թվիթերյան էջում:

Նա նշել է, որ Twitter-ի այս քայլից հետո ոչ մի սոցիալական ցանց չի մնացել, որը Թուրքիայում ներկայացուցիչ չնշանակի, բացառությամբ Pinterest-ի:

Նրա խոսքերով՝ երկրում սոցիալական ցանցերի ներկայացուցիչների ներկայությունը կարևոր է քաղաքացիների իրավունքների ոտնահարումները բացառելու համար: