Հաքերները մուտք են գործել ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավարի և կիբերանվտանգության վարչության աշխատակիցների էլեկտրոնային փոստի հաշիվներ

Ամերիկյան SolarWinds ընկերության ծրագրերի օգտատերերից վրա հարձակվելուց հետո հաքերները մուտք են գործել ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավարի և կիբերանվտանգության վարչության աշխատակիցների էլեկտրոնային փոստի հաշիվներ, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ խոսքը ԱՄՆ-ի այն ժամանակվա գործող անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Ուոլֆի և կիբերանվտանգության վարչության աշխատակիցների մասին է, որոնք զբաղվում են արտերկրից եկող սպառնալիքների վերահսկմամբ: Ուոլֆը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նա էլեկտրոնային փոստի բազմաթիվ հաշիվներ է ունեցել:

Վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիան նույնպես ենթարկվել է հաքերային հարձակման։ Հարձակման հետևանքով տուժել է նաև նախարարական գրասենյակի առնվազն մեմ անդամ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի կիբերանվտանգության գործակալությունը հայտնել էր կիբերլրտեսության մասշտաբային արշավի մասին։ Հաքերային հարձակումը, որի հիմքում ընկած էր ամերիկյան SolarWinds ընկերության ցանցահարթակը՝ դաշնային կառավարության ցանցեր ներթափանցելու նպատակով, ազդում է դաշնային, նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքային կառույցների և մասնավոր հատվածի այլ կազմակերպությունների վրա:

ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունն ու ՀԴԲ-ն չէին մեկնաբանել, թե ով է հարձակման ենթադրյալ պատասխանատուն: Անվտանգության մասնավոր ընկերությունները, սակայն, մատնանշել էին Ռուսաստանի Դաշնությանը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ նշել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը կիբերտիրույթում վնաս տվող գործողություններ չի իրականացնում: