Ամերիկյան Ford Motor Co. ընկերությունը նախատեսում է ապրիլին երկու շաբաթով դադարեցնել արտադրությունը Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում գտնվող բեռնատարների գործարանում՝ կիսահաղորդչային համակարգի՝ չիպերի ոչ բավարար մատակարարումների պատճառով:
Այս մասին գրում է CNBC-ը, նշելով՝ Կանզաս Սիթիի և Միսուրիի գործարանները ևս կդադարեցնեն իրենց աշխատանքը մեկ շաբաթով:
Նույն խնդրով պայմանավորված` Ford-ը նախատեսում է դադարեցնել արտադրությունը կամ չեղյալ հայտարարել արտաժամյա աշխատանքը Հյուսիսային Ամերիկայի մի քանի այլ գործարանում ևս:
Հիշեցնենք՝ փետրվարին ավտոարտադրողը հայտարարել էր, որ կիսահաղորդիչների պակասի պատճառով կրճատում է «Ֆ-150» փիքափների արտադրությունը, որոնք ԱՄՆ-ում ամենավաճառվողն են և ընկերության համար առավել շահութաբերը: Ընկերության գնահատականների համաձայն, Ford-ի հիմնադրային շահույթը (ընկերության վաճառված բաժնետոմսերի գների գումարի և ձեռնարկության մեջ ներդրված կապիտալի իրական գումարի տարբերություն, որը շահույթի ձևով յուրացնում են այդ ընկերության հիմնադիրները,-Tert.am) կարող է անկում ապրել 1-2,5 միլիարդ դոլարով, եթե չիպերի պակասը պահպանվի 2021 թվականի երկրորդ եռամսյակում:
Նշենք՝ ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ այս տարի սպառողները սկսել են բախվել տեխնիկայի գնաճին, որը պայմանավորված է կիսահաղորդիչների կամ չիպերի համաշխարհային պակասի հետ:
Ըստ պարբերականի՝ արտադրվող էլեկտրոնային սարքերի «ուղեղի» պակասն անցյալ տարվանից կայուն կերպով սրվում է:
Գնաճը նկատելի է ամենուրեք: Դրանից դժգոհում են հեռուստացույցների, սմարթֆոնների, համակարգիչների, խաղային կոնսոլների գնորդները:
Ի սկզբանե խնդիրը միայն մատակարարումների ժամանակավոր հետաձգումն էր, քանի որ գործարանները դադարեցրել էին աշխատանքները կորոնավիրուսային համավարակի առաջին ալիքի պատճառով:
Այնուամենայնիվ, չնայած այն բանին, որ այժմ արտադրությունը կայունացել է, միևնույնն է, համավարակով պայմանավորված, չիպերի պահանջարկը մեծ է և այժմ հասել է ճգնաժամային կետի:
The Guardian-ի պնդմամբ՝ չիպերի պակասը որոշ ժամանակ դեռ կպահպանվի: Կիսահաղորդիչների արտադրության բարդ գործարանների ամբողջական ծավալով շահագործման համար կարող է պահանջվել մինչև երկու տարի, ինչի հետևանքով արտադրողները մեկ տարուց պակաս ժամանակահատվածում երկրորդ անգամ գները զգալիորեն բարձրացնելու գործընթացում են:
«Սա անդրադառնալու է բոլորի վրա: Սպասեք, որ մեքենաները և հեռախոսները ավելի կթանկանան: Այս տարվա iPhone-ն ավելի էժան չի լինի, քան նախորդը»,-գրում է բրիտանական պարբերականը: