ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրապարակել է մոլորակի եղանակի առաջին կանխատեսումը, հաղորդվում է գործակալության կայքում: Դա արվել է Perseverance մարսագնացի վրա՝ MEDA համակարգի միջոցով:
Մարսագնացը մոլորակի վրա վայրէջք է կատարել փետրվարի 18-ին: Իսկ փետրվարի 19-ին արդեն հաջողվել է ստանալ առաջին կանխատեսումը, որը ապրիլի 6-ին հրապարակվել է NASA-ի կայքում:
Նշվում է, որ Յեզերո խառնարանում, որտեղ գտնվել է մարսագնացը, ջերմաստիճանը փոքր-ինչ ցածր է եղել մինուս 20 աստիճանից ըստ Ցելսիուսի, և կես ժամվա ընթացքում այն իջել է՝ հասնելով մինչև մինուս 25.6 աստիճանի:
Հաջողվել է նաև չափել ճնշումը. Մարսի վրա այն 718 Պասկալ է: Բացի այդ, MEDA-ն կարող է ճառագայթման, քամու արագության և ուժի, ինչպես նաև հարաբերական խոնավության վերաբերյալ տվյալներ գրանցել: