Բազաներ՝ Լուսնի վրա, քաղաք՝ Մարսի վրա․ Իլոն Մասկը հայտարարել է, որ մարդկությունը պետք է «մի քանի մոլորակների ներկայացուցիչ դառնա»

Ամերիկացի ձեռնարկատեր, Space X ևTesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ մարդկությունը պետք է Լուսնի վրա մշտական բազա ստեղծի, ինչպես նաև քաղաք կառուցի Մարսի վրա, փոխանցում է CNBC-ն։

«Գրեթե կես դար է անցել այն ժամանակից ի վեր, երբ մարդիկ վերջին անգամ վայրէջք են կատարել Լուսնի վրա։ Դա չափազանց մեծ ընդմիջում է, և ես կարծում եմ՝ մենք պետք է վերադառնանք այնտեղ և մշտական բազա ստեղծենք: Դա պետք է լինի մեծ բազա, այնտեղ մշտապես պետք է լինի ինչ-որ մեկը։ Ավելի ուշ մենք պետք է քաղաք կառուցենք Մարսի վրա, որպեսզի դառնանք տիեզերական քաղաքակրթություն, միջմոլորակային տեսակ»,- հայտարարել է Մասկը։

Նա նշել է, որ մարդկությունը պետք է ձգտի դառնալ «մի քանի մոլորակների ներկայացուցիչ»։

Մասկը նաև հայտարարել է, որ իր SpaceX ընկերությունը տիեզերագնացներին մինչև 2024 թվականը Լուսին իջեցնելու հարցում կարող է օգնել ՆԱՍԱ-ին (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն)։

«Կարծում եմ՝ դա միանգամայն իրատեսական է։ Մենք պատրաստվում ենք դրան հասնել ավելի վաղ ժամկետներում»,-հավելել է նա։

http://tert.am