Microsoft-ը կդադարեցնի ծրագրային ապահովման լիցենզիաների երկարաձգումը ռուսական ընկերությունների համար

Ամերիկյան Microsoft-ը սեպտեմբերի 30-ից հետո կդադարեցնի ծրագրային ապահովման լիցենզիաների երկարաձգումը ռուսական ընկերությունների համար։ Այս մասին ասվում է ընկերության տեխնիկական աջակցության նամակում, որը մեջբերում է TelecomDaily գործակալությունը։

Ռուսաստանում  Microsoft-ն այլևս չի կարող ընդունել վճարումներ տեղական բանկային հաշվին որպես վճարում իր ծառայությունների դիմաց: «Ուստի, 60 օր առաջ ծանուցելով ձեզ՝ Microsoft-ը սույնով հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից (ուժի մեջ է մտնում) հետո Դուք այլևս չեք կարողանա թարմացնել Ձեր առկա բաժանորդագրությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ակտիվ բաժանորդագրությունները կգործեն մինչև մնացած ժամկետի ավարտը։ Հետագայում դրանք չեն երկարաձգվի, ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ Microsoft ընկերությունը դադարեցրել է իր նոր ապրանքների վաճառքը Ռուսաստանում 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական զորքերի մուտքից հետո։