Հայ հաքերները նշում են Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը

Ադրբջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կացնի հարվածով սպանված Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան: Հայկական հաքերային «Armenian Cyber Army» խմբավորումը ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի այսօր կոտրել է մոտ 10 ադրբեջանական կայք: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Կոտրված կայքերի վրա կատարվել է SQL injection հարձակման տեսակը: Դրանց թվում են Ադրբեջանի «Ինչ, որտեղ, երբ» խաղի, Ջազ փառատանի և այլ բնույթի կայքեր: Բոլոր կայքերում «Armenian Cyber Army»-ն տեղադրել է Գուրգեն Մարգարյանի լուսանկարը՝ «Ծնունդդ շնորհավոր Գուրգեն Մարգարյան» գրությամբ:

«Մի բան ակնհայտ է, այն օրը, երբ Ադրբեջանը ազատ արձակեց Ռամիլ Սաֆարովին և տվեց հերոսի կոչում, ադրբեջանական կայքերի վրա հարձակումները դարձան պարբերական: Ինչպես ասում են ադրբեջանցիք «դանակը ոսկորին հասցրեցին»: Նախկինում հայկական կողմից նման պարբերականությամբ հարձակումներ չէին լինում»,- ընգծեց փորձագետը:

Հիշենք, որ օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում գիշերը կացնահարել էր քնած Գուրգենի Մարգարյանին:

Այս լուրը ցնցեց ողջ Հայաստանը՝ դառնալով հայկական ինտերնետ միջավայրում ամենաքննարկվող թեման: Ադրբեջանի այս արարքը չէին կարող անտեսել հայկական հաքերային խմբավորումները: Նույն օրը երեկոյան հայ հաքերները սկսեցին գրոհել ադրբեջանական կայքերը՝ տեղադրելով այնտեղ Գուգրեն Մարգարյանի լուսանկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ: