Այսուհետ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն ունեն Telcell վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների միջոցով իրականացնել մի շարք վճարումներ, որոնց թվում են՝ քարտային հաշվի ակնթարթային համալրումը, վարկերի մարումը, խնայողական և ընթացիկ հաշիվների համալրումը, շնորհիվ վճարումների ընդունման ոլորտում կնքված համագործակցության պայմանագրի:
«Սեփական պրոդուկտների և ծառայությունների օգտին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունումը Հայաստանի բանկային հատվածի համար դեռ մնում է նորույթ։ Մենք Ինեկոբանկի հետ համատեղ իրականացրեցինք տեխնիկական ինտեգրում, որի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում «Թել-Սել» ՓԲԸ 800-ից ավելի վճարումների ընդունման կետերից յուրաքանչյուրում հնարավոր եղավ կատարել բանկի հաճախորդների կողմից առավել պահանջված գործառնությունները։ Համոզված եմ, որ բանկը և նրա հաճախորդները կզգան արժանվույնս կգնահատեն 24/7 ռեժիմում ինքնասպասարկման առավելությունը, ամեն դեպքում մենք դրա պատրաստ ենք անել հնարավորից ավելին», – «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության սկիզբը մեկնաբանեց «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը։
«Ինեկոբանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար և նորարարական բանկային ծառայություններ, որոնք կօգնեն խնայել ժամանակը: Telcell համակարգի հետ համագործակցության շնորհիվ Բանկի ծառայությունները կդառնան հաճախորդներին առավել հասանելի և մատչելի», – նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր և ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետև` «Ինեկոբանկ» ենթաբաժին և ընտրել չորս ծառայություններից անհրաժեշտը: