«DevFest Armenia 2013»-ին Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Google Glass ակնոցը

Սեպտեմբերի 28-29-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց նախագծողների կոնֆերանս «DevFest Armenia 2013»-ը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող DevFest-ի առաջին օրը ՏՏ ոլորտի բանախոսները պատմեցին 3D Mapping-ի, AngularJS-ի, NodeJS-ի և մի շարք այլ տեխնոլոգիաների մասին, դե իսկ կոնֆերանսի 2-րդ օրը նվիրված էր Google ընկերության տեխնոլոգիաներին, մասնավորապես, այլընտրանքային իրականությունը ցուցադրող Google-յան վերջին «աղմկարար» սարք՝ Google Glass (Գուգլ ակնոց)-ին:

Google Ակնոցի նախագծի աշխատակիցներից Իհար Մախանյոկը ժամանել էր Երևան՝ հատուկ «DevFest Armenia 2013»-ին Google Glass-ը ցուցադրելու, փորձով կիսվելու համար:

Նրա խոսքով, սա դեռ «ապագայի» ակնոցի նախատիպն է և Google-ն աշխատում է այն կատարյալ դարձնելու շուրջ: Առայժմ հայտնի չէ, թե երբ Glass-ը կհայտնվի շուկայում՝ մասայական վաճառքի համար: Մախանյոկը հավելեց, որ Google-ը շարունակելու է զարմացնել:

«DevFest Armenia 2013»-ը կազմակերպել էին Google Developer Group Armenia խմբի համակարգողներ Վարդան Պապիկյանը և Վարդան Գրիգորյանը: Նրանց խոսքով, սա Հայաստանում առաջին, սակայն ոչ վերջին DevFest-ն է: Կազմակերպիչները հավելեցին, որ միջոցառման երկու օրերի ընթացքում ընդհանուր թվով մասնակցեց մոտ 250 մարդ:

«DevFest Armenia 2013»-ն անցկացվեց Google ընկերության օժանդակությամբ: Միջոցառմանն աջակցեցին նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Bet Construct և LinkGard ընկերությունները: DevFest Armenia 2013-ի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝devfest.gdg.am