«Իմ երևակայության Հնդկաստանը» մրցույթի երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 28-ին

«Իմ երևակայության Հնդկաստանը» մրցույթի երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 28-ին

Taj-mahal-india-taj-mahal-720x1280«Իմ երևակայության Հնդկաստանը» թեմայով նկարչության և էսսեի մրցույթը, որը կազմակերպվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների համատեղ ջանքերով, ընթանում է երկու փուլով։

Առաջին փուլի ընթացքում ուղարկվեցին Հնդկաստանին նվիրված ավելի քան 1500 նկար և 500 էսսե: Մրցույթին մասնակցեցին պատանիներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Առաջին փուլը հաղթահարեցին 119 նկարի և 104 էսսեի հեղինակներ: Ժյուրին կազմված էր կրթության և գիտության նախարարության, Հնդկաստանի դեսպանատան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետներից և ներկայացուցիչներից:

Երկրորդ փուլը, կանցկացվի դեկտեմբերի 28-ին ժամը 13:00-ին Թումոյում, որի ընթացքում պատանիները կունենան 4 և 2 ժամ համապատասխանաբար նոր նկար ու էսսե ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվում է Հնդկաստանի հանրապետության օրվան ընդառաջ (2015 թ. հունվարի 26): Մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող դպրոցականների շրջանում մեծացնել Հնդկաստանի Հանրապետության մասին գիտելիքների պաշարը:

Երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո «Իմ երևակայության Հնդկաստանը» նկարչության և էսսեի մրցույթի յուրաքանչյուր խմբում (6-8-րդ դասարաններ և 9-12-րդ դասարաններ) 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած հաղթողները կպարգևատրվեն տարբեր մրցանակներով, իսկ 1-ին տեղը զբաղեցրած պատանիները կստանան հնարավորություն ճամփորդելու Դելի-Ագրա-Ջայպուր քաղաքներ: 7-օրյա ճանապարհորդության ծախսերը կհոգա Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատունը:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը թվային տեխնոլոգիաների եզակի ուսումնական կենտրոն է Հայաստանում: Բացվելով 2011թ.` կենտրոնը թվային հաղորդակցության ժամանակից տեխնոլոգիաներից օգտվելու, լավագույն մեդիա մասնագետներից սովորելու և արվեստի ու տեխնոլոգիաների համակցումը ուսումնասիրելու բաց հարթակ է ապահովել 12-18 տարեկան հազարավոր պատանիների ու աղջիկների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես՝ www.tumo.org: