ՏՏ ոլորտի 12 նախագծեր ստացել են դրամաշնորհ

ՏՏ ոլորտի 12 նախագծեր ստացել են դրամաշնորհ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումն ու նպաստում տեխնոլոգիական ոլորտի նոր ընկերությունների ստեղծմանը: Այս նպատակով մարտի 23-24-ը կազմակերպվել էր համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթ, որի ընթացքում 12 տեխնոլոգիական նախագծեր հաղթող ճանաչվեցին:

«Գաղափարները, որոնք հաղթում են, իրենց կիրառությունը դեռ կստանան: Դա որոշակի գործընթաց է ենթադրում` կազմակերպության ստեղծում , փորձառական նմուշի ձևավորում, այնուհետև սերիական արտադրություն: Ավելորդ չեմ համարի ասել, որ Ազգային ժողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության մասին օրենսդարական փաթեթը, համաձայն որի` նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ: Դա շատ շահավետ է այս գաղափարների հաղթողների համար, քանի որ նրանք հայտնվում են արտոնյալ դաշտում և ավելի հեշտացված ռեժիմով կարող են իրականացնել իրենց գործունեությունը»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը` իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ տարեցտարի նկատվում է մրցույթների մասնակիցների թվաքանակի աճ:

«Որպես տեխնոլոգիական ոլորտի բիզնես ինկուբատոր՝ մեր նպատակն է Հայաստանում ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, նպաստել տեխնոլոգիական ոլորտի ընեկրությունների ստեղծմանը, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը մեր նպատակներն իրականացնելու միջոցներից մեկն է, որի արդյունքում ստեղծվում են նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերություններ ամբողջ Հայաստանում»,-նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Հայաստանն ունի հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ: Գրեթե յուրաքանչյուր ոք Հայաստանում ունի ինովացիոն գաղափար ու նախագիծ, ինչը շատ ուրախալի է», – հայտնեց Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ մասնագետ Սանդրա Սարջենտը:

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց 7 նախագիծ, դրանք են՝ «Վանդելիոն», «ՋիՋիՏաքսի», «Մայ դեյ եթ հոմ», «Փեննի», «Ֆլաքսթոն», «Մոբայլ Քլասռում» և Գյուղատնտեսության և դեկորատիվ այգեգործության համար նախատեսված «Ակվասորս» նոր ներնդի կենսաքայքայվող աբսորբենտի արտադրութուն:

Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 4 հաղթող նախագծերն են «Ֆամբոքս», «Բրիք Էվոլյուշն», «Մուվի Թրիփ» և «ԷկոՍնեպ»: Իսկ Վանաձորի համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց մեկ նախագիծ՝ «Ի-Վոկա նախագիծ»:

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

Մրցութային 2-րդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություններ և թիմեր, որոնցից 39-ը գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:
Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 3-րդ փոււլը և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ