Արցախում բացվել է տեխնոլոգիական կենտրոն

Արցախում բացվել է տեխնոլոգիական կենտրոն

Ստեփանակերտ քաղաքում կայացել է Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԱՏՏԿ) բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ:

Հիմնվելով Շիրակի մարզում գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջող օրինակի վրա, ունենալով ՏՏ և ԲՏ ոլորտներում բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ Արցախում՝ ԼՂՀ  կառավարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ, նախաձեռնել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը։

Կենտրոնի առաքելությունն է նպաստել ու աջակցել ԼՂՀ-ի տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ:

ԱՏՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Կրթական ծրագրերի (վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն)  և մրցունակ աշխատուժի պատրաստում
  • Նորարարությունը խթանող բիզնես միջավայրի ձևավորում
  • Բիզնես ինկուբացիոն ծառայություններ և տեխնոլոգիական ձեռներեցության խթանում

Արցախում ՏՀՏ ոլորտը սկսել է զարգանալ սկսած 2001թ., սակայն միայն վերջին տարիներին է  արձանագրել էական արդյունք: ԼՂՀ-ի տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտ են հանդիսանում անբարենպաստ աշխարհագրական դիրքն ու սահմանափակ ռեսուրսները, այնինչ տեխնոլոգիական ոլորտը ստեղծում է առավել լայն հնարավորություններ և շրջանցում այդ խնդիրները, ուստի ավելի արդիական է և անհրաժեշտ: Ոլորտն ապահովում է բավական բարձր հավելյալ արդյունք և աշխատավարձ: Կենտրոնի հիմնումը հանդիսանում է Արցախում ՏՏ ոլորտի զարգացման առաջնային խթան՝ երկրում ապահովելով աշխատատեղեր, որոնք կսահմանափակեն բնակչության արտագաղթն ու կնվազեցնեն գործազրկությունը։ Կենտրոնի գործունեության արդյունքում ակնկալվում է ունենալ ՏՏ ոլորտի որակյալ մասնագետներ, Արցախում գործող նորաստեղծ ձեռնարկություններ, ՏՏ ոլորտի մասնագիտություններով կրթություն ստացող ուսանողների թվի աճ և այլն:

Կենտրոնում արդեն իսկ իրենց գործունեությունն են ծավալում Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ, Լոկատոր, Թեքնոլոջի ընդ Սայն Դայնամիքս, Վիքիքլաբ և Մեդիատոն կազմակերպությունները:

Բաժիններ: Հայաստան