Ամառային վեբ-դիզայն դպրոցն ավարտել է իր աշխատանքները

Ամառային վեբ-դիզայն դպրոցն ավարտել է իր աշխատանքները

Հունիսի 15-ից-հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում «Ամառային վեբ-դիզայն դպրոց» ծրագրին էին մասնակցում 10-16 տարեկան աշակերտներ: Մեկ ամսվա ընթացքում նրանք սովորեցին բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն, ձեռք բերեցին մարքեթինգի, ռազմավարության վերաբերյալ գիտելիքներ, բարելավեցին իրենց ներկայացուցչական և թիմում աշխատելու հմտությունները:

«Ամառային դպրոցի ընթացքում մենք թիմերի բաժանվեցինք և թիմով մտածում էինք` ինչով ենք ցանկանում զբաղվել մեր կյանքում, ինչ ընկերություն հիմնել, իսկ որոշելուց հետո սկսեցինք զբաղվել այդ ընկերության կայքի ստեղծմամբ: Արդյունքում ծրագրավորեցինք Business Builder ընկերության կայքը, որի հաճախորդները սկսնակ բիզնեսմեններն են: Մենք օգնում ենք տվյալ մարդկանց բիզնեսի կայացման գործում, նրանց գաղափարները, մտքերը դարձնում ենք իրականություն»,- նշեց Business Builder թիմի անդամ Դավիթ Սարգսյանը:

«Entertainment Page» կայքէջ ստեղծելու գաղափարի շուրջ համախմբված աշակերտները նշեցին, որ չնայած իրենց թիմի բոլոր ներկայացուցիչները տարբեր անհատներ էին, սակայն ընդհանուր գաղափարը կարողացավ համախմբել իրենց:  «Մենք հասցրել ենք դառնալ լավ ընկերներ և հետագայում, շարունակելու ենք մեր ընկերությունը: Ամառային դպրոցի ընթացքում մենք ունեցանք անչափ հետաքրքիր օրեր, որոնք չենք կարող բառերով նկարագրել»,-հավելեց մասնակից Նելի Գաբրիելյանը:

Ամառային վեբ դիզայն դպրոցն արդեն երկրորդ տարին կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի շրջանակում: Ծրագրի նպատակն է կողմնորոշել և ուղղորդել աշակերտներին ՏՏ ոլորտում մասնագիտության ընտրության հարցում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում:

«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կարիերան սկսել ՏՀՏ ոլորտում կամ ձեռք բերել տեսական և գործնական գիտելիք, կարող է համագործակցել կենտրոնի հետ»,- նշեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը։

Տեղեկացնենք, որ կենտրոնը տարեկան պատրաստում և վերապատրաստում է շուրջ 500 մասնագետ, ովքեր իրենց որակավորման համապատասխան աշխատանք են գտնում տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում: Ընդ որում կազմակերպվու են դասընթացներ թե սկսնակների և թե մասնագետների համար հետևյալ ուղղություններով՝ Web և Java ծրագրավորում, Database տեխնոլոգիաներ, Linux օպերացիոն համակարգ, ցանցային կառավարում և տեղեկատվական անվտանգություն, մոբայլ ծրագրավորում (Android, iOS), զուգահեռ հաշվարկներ (PARAM), գրաֆիկական դիզայն (Corel Draw, Adobe Photoshop), մարքեթինգ և վաճառք, վիճակագրական վերլուծություն՝ SPSS-ի օգնությամբ, նախագծերի կառավարում և MS Project 2010, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն:

Հիշեցնենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից:

Բաժիններ: Հայաստան