Ապրիլից այլևս գոյություն չի ունենա «Օրանժ» անունով բջջային օպերատոր

Ապրիլից այլևս գոյություն չի ունենա «Օրանժ» անունով բջջային օպերատոր

2015 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք բերեց «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը՝ այդպիսով ընդլայնելով իր ծառայությունները դեպի բջջային կապի և շարժական իներնետի ծառայությունների տրամադրում: Այժմ «Յուքոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ և շուտով կմիավորվեն մեկ միասնական՝ «Յուքոմ» բրենդի տակ:

Այդուհանդերձ, փոփոխությունների փուլը գրեթե աննկատ կանցնի «Օրանժ Արմենիայի» բաժանորդների համար, քանի որ առկա ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել: Փոփոխությունները, ըստ «Յուքոմ»-ի, կլինեն ապագայում և միայն դեպի լավը:

Ըստ «Յուքոմ»-ի տարածած հաղորդագրության` ընկերության որդեգրած քաղաքականության շնորհիվ ոչ միայն կպահպանվի, այլ նաև կբարելավվի «Օրանժ Արմենիայի» ողջ ենթակառուցվածքը: Առաջին քայլն արդեն արվել է՝ «Յուքոմը» սկսել է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում:

Բրենդի փոփոխման փուլից անմիջապես հետո, որը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում, բոլոր բաժանորդներին, ըստ «Յուքոմ»-ի, սպասվում են հաճելի անակնկալներ նոր առաջարկների, փաթեթների և ծառայությունների տեսքով:

Բաժիններ: Հայաստան