ARMENIAN BIG DATA հեքըթոնի մասնակիցներն ամբողջ գիշեր կանցկացնեն հանրօգուտ լուծումներ մշակելով

ARMENIAN BIG DATA հեքըթոնի մասնակիցներն ամբողջ գիշեր կանցկացնեն հանրօգուտ լուծումներ մշակելով

Քիչ հետո «ԹՈՒՄՈ» կենտրոնում կմեկնարկի առաջին ARMENIAN BIG DATA HACKATHON-ը, որը կտևի 18 ժամ և կմիավորի հայաստանյան և միջազգային մասնագետներին: Հեքըթոնին ձևավորված թիմերն ամբողջ գիշեր կփորձեն մշակել այնպիսի լուծումներ, որոնք կլուծեն հանրային բնույթի ու սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներ: Նախագծերը կներկայացվեն ժյուրիին վաղը՝ մայիսի 14-ին:

Հեքըթոնի նախաձեռնող խմբի ղեկավար Արթուր Խալաթյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ գրանցվելու բավական դիմումներ են ստացվել մի քանի օրվա ընթացքում, թիմերը կձևավորվեն հենց տեղում: Մասնակիցները հեքըթոնից առաջ ստացել են ուսումնասիրության մի շարք նյութեր, օգտակար աղբյուրներ ու տվյալների մեծ բազան հանրօգուտ կերպով օգտագործելու հաջող նախադեպեր՝ մրցույթին պատրաստվելու համար:

«Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նման մրցույթ, ոլորտում ունենք բազմաթիվ մասնագետներ, որոնք ունեն տվյալների մեծ բազաների հետ աշխատելու, դրանք վերլուծելու լավ հմտություններ: Հեքըթոնի նպատակն է հասկանալ ու գնահատել մեր ունեցած ներուժն ու ռեսուրսները, որոնց հիման վրա էլ պատրաստվում ենք լաբորատորիա հիմնել»,-մանրամասնեց նախաձեռնող խմբի ղեկավարը:

Հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.

  1. Հանրային սեկտորի ինովացիոն լուծում. աջակցություն Կոլբա Լաբի կողմից՝ 3000 դոլարի չափով,
  2. Առաջին տեղ. 700.000 դրամ՝ մշակումը հաջորդ փուլին հասցնելու համար,
  3. Երկրորդ տեղ. 450.000 դրամ՝ մշակումը հաջորդ փուլին հասցնելու համար,
  4. Երրորդ տեղ. 200.000 դրամ՝ մշակումը հաջորդ փուլին հասցնելու համար,
  5. Խրախուսական մրցանակ. հանդիպում ու քննարկում հովանավոր ընկերություններից մեկի ղեկավարի հետ:

Հեքըթոնը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից՝ ԹՈՒՄՈ, VOLO, PicsArt, Ucom, Monitis, BetConstruct և Teamable ընկերությունների աջակցությամբ:

Բաժիններ: Հայաստան