Հայտնի են «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի հաղթողները

Հայտնի են «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի հաղթողները

Հունիսի 4-ին կայացավ «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի հաղթող ճանաչվեցին և մրցանակներ ստացան 56 աշակերտներ, բացի այդ` ևս 6 աշակերտներ ստացան խրախուսական մրցանակներ:

Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45 և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից:

Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: Ամենամյա մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը,

«Մրցույթը մեծ ոգևորություն և հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: «Ոզնին» ակամա նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպատակային օգտագործմանը, ուսուցիչներին ստիպեց վերանայել իրենց առարկայական գիտելիքների պաշարը»,-նշեց Ռուզան Նիկոյանը:

Vozni contest 3

Նշվեց նաև, որ 2011թ.-ին մրցույթը դարձավ քաղաքային, իսկ 2013թ.-ից` հանրապետական: 2015թ.-ից մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջին փուլը կայանում է դպրոցներում, իսկ երկրորդը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, որն իր գերհագեցած համակարգչային լաբորատորիաներով հնարավորություն է ընձեռում միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով:

Կազմակերպիչները նախատեսում են «Ոզնի» համակարգչային մրցույթում ընդգրկել նաև ԼՂՀ դպրոցներին ու աշակերտներին:

Մրցույթի գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ իր կողմից հիմնադրված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Բաժիններ: Հայաստան