Ալ Եսայան. հաջողության է հասնում նա, ով 100-րդ անգամ վայր ընկնելուց հետո ոտքի է կանգնում և շարունակում պայքարը

Ալ Եսայան. հաջողության է հասնում նա, ով 100-րդ անգամ վայր ընկնելուց հետո ոտքի է կանգնում և շարունակում պայքարը

itTrend.am-ի բացառիկ հարցազրույցը ՏՏ ոլորտի հայտնի հայ մասնագետ, ճանաչված գործարար և ներդրող, ԱՄՆ-ում գործող IconApps ընկերության համահիմնադիր ու Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանի հետ:

Սմարթֆոնը` iPhone 5 և iPhone 6, սակայն նախընտրում է iPhone 5-ը

Սիրելի հավելվածները` Waze (ճամփորդական հավելված), Facebook

Խաղերը` չի խաղում ընդհանրապես

Հաջողության բանաձևը` հինգ «C»-երի միասնությունը` հոգատարություն (Caring), պարտավորություն (Commitment), ունակություն (Competence), ստեղծագործականություն (Creativity) և համայնք (Community)

– Ինչպես սկսվեց Ձեր կարիերան տեխնոլոգիական ընկերություններում:

– Կար մի ընկերություն` Tanden անունով, որն այն ժամանակ օգնում էր ստարտափներին սերվերների հետ կապված հարցերում, և ես 1988-ին մոտ մեկ տարի աշխատել եմ այնտեղ: Այնուհետև 9 տարի աշխատել եմ այլ ՏՏ ընկերությունում, որից հետո արդեն վերջնականապես հաստատվել տեխնոլոգիական աշխարհում:

– Դուք բազմաթիվ ընկերություններում եք աշխատել: Մի շարք ստարտափներ եք հիմնել, ո՞րն է դրանցից ամենակարևորը Ձեզ համար:

– Բոլոր գործերն էլ, որ ես արել եմ, սիրել եմ և նվիրվել եմ դրանց, սակայն ինձ համար ամենաթանկ և գլխավոր գործն այն գործն է, որի վրա ես այդ պահին աշխատում եմ: Ես ներկան և ապագան են ավելի եմ սիրում, քան անցյալը, այնպես որ իմ լավագույն աշխատանքն իմ վերջին աշխատանքն է:

– Ի՞նչ երազանք ունեք, որ դեռ չեք հասցրել իրագործել:

– Մանկուց միշտ ցանկացել եմ Հայաստանում ապրել, բայց ոչ այնպես, որ անընդհատ գամ և ետ դառնամ, այլ մշտական բնակություն հաստատեմ իմ հայրենիքում: Հույս ունեմ, որ մի քանի տարի անց դա իրականություն կդառնա, ու կհաստատվեմ Հայաստանում:

– Դուք խոսք եք տվել 40 տարի շարունակ ամեն տարի Հայաստան գալ: Ինչո՞ւ եք նման խոստում տվել:

– Դա անձնական է և բխում է հայրենիքի հանդեպ տածած իմ սիրուց, որն իմ մեջ սերմանել են ծնողներս: Հայրենիքին ծառայելը բեռ չէ, դա առավելություն է և հաճույք: Երկրորդ պատճառն այն էր, որ ցանկացա կապս Հայաստանի հետ հարատև լինի, ու արդեն 17-րդ տարին է, որ ես հարգում եմ իմ խոստումը և ինքս ինձ: Ես ամեն ինչ անելու եմ` խոստումս պահելու համար: Այժմ իմ ուխտը երկարացրել եմ մինչև 60 տարի, և դա խոսում է միայն մի բանի մասին` նվիրվածության: Սա ինձ օգնում է իմ լուման ունենալ երկրի զարգացման գործում, և ես անդադար աշխատում եմ այդ ուղղությամբ:

Ես տեսնում եմ իմ և ընկերներիս աշխատանքի պտուղները և զգում եմ տարբերությունը 1999-ի և ներկայի միջև:

– Ո՞րն է հայկական ՏՏ ոլորտի զարգացման Ձեր տեսլականը:

– Երկու կարևոր բան կառանձնացնեմ: Առաջինն, իհարկե, կարողությունների զարգացումն է, որը տեղի է ունենում հետազոտությունների և արդիական գիտելիքների շնորհիվ: Շատ կարևոր է համալսարաններում նոր բարձր որակի հետազոտական լաբորատորիաների ստեղծումը, որի համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության ոլորտում:

Երկորդն ամբողջ աշխարհի հայերի միջև կապի և փոխգործակցության ստեղծումն է:

– Ի՞նչ կարևոր խորհուրդ կտաք հայաստանյան ստարտափերներին:

– Իմ կարծիքով` հայկական ստարտափերի մեծ մասը կենտրոնացած են իրենց պրոդուկտի վրա, սակայն պետք է նաև շատ մեծ ուշադրություն դարձնել շուկային և գնորդին: Ես խորհուրդ կտամ բոլորին կարդալ 2 գիրք, որոնք կարող են օգտակար լինել ստարտափների համար: Առաջինը կոչվում է «Value Proposition Design: How to Create Products and Services Customers Want» և երկրորդը «Sprint: How to Solve Big Problems and Test New Ideas in Just Five Days»: Շատ հայկական ստարտափներ թերարգնահատում են այն մարդկանց, որոնք հասկանում են շուկան, գնորդին և թե ինչ է նրանց իսկապես անհրաժեշտ: Իմ համար մեկ խորհուրդը նրանց կլինի այն, որ նրանք խարհրդակցեն մարդաբանների, գիտնականների և այն մարդկանց հետ, ովքեր կարող են հասկանալ օգտատիրոջ հոգեբանությունը և թե ինչ է նրանց անհրաժեշտ:

– 21-րդ դարում չկա գիտելիք ստանալու հնարավորության, ֆինանսավորում, համախոհներ գտնելու և նրանց հետ շփվելու պակաս, սակայն այս ամենի հետ մեկտեղ, ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում 21-րդ դարի ձեռներեցին:

– Ես կառանձնացնեմ 2 բան: Առաջինը` ստեղծագործականություն և երկրորդը` նախաձեռնողականությունը, որպեսզի մարդիկ սկսեն այն, ինչ պլանավորել են և չվախենան անհաջողություններից: Սկսելու մեջ արդեն իսկ ուժ կա: Այսինքն` եթե դու մի բան ես սկսել, ուրեմն աշխարհին ապացուցում ես, որ դու արդեն իսկ նվիրված ես քո գործին և ով էլ որ քեզ ասի, որ սկսած գործը խենթություն է, այն չի հաջողի, «գնա մի նորմալ գործ ճարի քեզ համար, հերիք է անիմաստ բաներով զբաղվես», դու միևնույնն է` չես թողնի քո գործը և կշարունակես անել այն:

Կարևոր է նաև այն, որ նոր գործ սկսողները չվախենան հարցեր տալ, չվախենան սխալվել և իրենց ձախողումները վերածեն իրենց համար դասերի և սովորեն դրանցից: Կյանքում հաջողության է հասնում նա, ով հարյուր անգամ վայր է ընկնում և հարյուրմեկերորդ անգամ ոտքի է կանգնում` շարունակելով իր գործը: Շատ մարդիկ 20 կամ 30 անգամ ձախողելուց հետո հանձնվում են և ասում, որ ոչինչ չի ստացվում, դա անհնարին է և այլն, սակայն պետք չէ հանձնվել: Ինչպես ասել է Վիլյամ Սարոյանը` «մեծ մարդիկ մեծ են, քանի որ նրանք բազմաթիվ սխալներ են անում և սովորում իրենց սխալներից»:

– Չեք կարծո՞ւմ, որ ապրում ենք չափից դուրս թվային դարաշրջանում:

– Գիտեք` մի այսպիսի խոսք կա մթության մեջ շատ խավարասերներ կան: Գիտությունը լույս է սփռում այդ մթության վրա, և որքան շատանում է այդ լույսը, այդքան պակասում են խավարասերները: Իմ կարծիքով` տեխնոլոգիաները շարժում են աշխարհը և դրանք շարժում են աշխարհը արդեն դարեր շարունակ, սակայն շատ կարևոր է, թե ով է օգտագործում այդ տեխնոլոգիաները և ինչպես են դրանք կիրառվում:

Ես թե´ Հայաստանի, և թե´ ամբողջ աշխարհի ապագան տեսնում եմ միացյալ զարգացման մեջ, մարդիկ պետք է ստեղծեն և մեծացնեն իրենց սոցիալական կապերը, ձեռք ձեռքի բռնած գնան առաջ: Գիտությունը և տեխնոլոգիաները իրենց կարևոր դերն են խաղալու այդ ամենում:

Մենք դեֆիցիտի դարաշրջանից գնում ենք դեպի առատության դարաշրջան, և տեխնոլոգիաները մեզ տալիս են այն, ինչ նախկինում երբեք հասանելի չի եղել մարդկանց: Իմ նպատակն է, որ ես կարողանամ ամբողջ փորձը  կուտակել այստեղ` ԱՄՆ-ում և տարբեր երկրներում, կարողանամ բերել Հայաստան և կիսվեմ այստեղի մարդկանց հետ, որպեսզի մենք հետ չմնանք զարգացման համաշխարհային տեմպերից:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը

Բաժիններ: Հայաստան