YouTube-ը խստացրել է համագործակցության կանոները բլոգերների հետ սկանդալի պատճառով

YouTube-ը խստացրել է համագործակցության կանոները բլոգերների հետ սկանդալի պատճառով

YouTube վիդեո ծառայությունը խստացրել է YouTube Partner Program–ին մասնակցող բլոգերների համար նախատեսված մոնետիզացիայի կանոնները։ Այս մասին նշվում է Google-ի հայտարությունում։

Մինչ այս բլոգերների ալիքները, որոնք ցանկանում են գովազդ տեղադրել, պետք է  հավաքեին 10 հազար դիտում։ Այժմ YouTube–ի գործընկերները պետք է հավաքեն ոչ պակաս քան 1000 հետևորդ և տարվա կտրվածքով 4 հազար ժամ դիտում։

Նոր կանոններն արդեն գործում են բոլոր այն օգտատերերի համար, որոնք ցանկանում են համագործակցել YouTube-ի հետ և դառնալ YouTube Partner Program–ի մասնակիցը, իսկ ծրագրի մասնակիցների համար նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2018–ի փետրվարի 20–ից։

Ընկերությունում ընդունել են, որ նոր կանոնները պայմանավորված են 2017թ. իրադարձությունների հետ, երբ մի շարք ընկերություններ, այդ թվում Mars–ը, Adidas–ը, HP–ն հրաժարվեցին իրենց գովազդները տեղադրել վիդեո ծառայությունում երեխաների համար նախատեսված տեսանյութի տակ վատ և անտեղի մեկնաբանությունների պատճառով։

Այս տարի հունվարին էլ YouTube-ի գործընկեր բլոգեր Լոգան Պոլը սկանդալի կենտրոնում հայտնվեց «Մենք գտել ենք մեռած մարմին ինքնասպանների ճապոնական անտառում» վերնագրով տեսանյութի համար։ YouTube-ը արձագանքեց և սահմանափակումներ մտցրեց բլոգերի աշխատանքում` հայտնելով, որ ինքնասպանությունները չեն կարող դիտումներ հավաքելու միջոց դառնալ։