Ավելի բարձրակարգ կրթություն. Կրթական անվճար հարթակներ, որոնք կարանտինն առավել արդյունավետ կդարձնեն

Կարատինի ու հարկադիր մեկուսացման օրերին ժամանակն արդյունավետ անցկացնելու միջոցներն ավելի քան շատ են: Հատկապես, որ տարատեսակ սթրիմինգային ծառայություններն անվճար բաժանորդագրության հնարավորություններ են ընձեռում:

Սակայն ֆիլմեր նայելուց ու համակարգչային խաղերով օրն անցկացնելուց բացի որակյալ կրթություն ստանալու բացառիկ շանս ունեք: Աշխարհի առաջատար համալսարանները նույնպես անցել են հեռավար ուսուցման ու նրանցից շատերը դա անում են բաց հարթակներում, ինչն էլ հնարավորություն է տալիս անվճար լսել, օրինակ, Հարվարդի համալսարանի դասախոսությունները: Բացի դա, կան բազմաթիվ օնլայն կուրսեր, որոնք նույնպես անվճար բաժանորդագրության հնարավորություններ են ընձեռել: Մի խոսքով, կան բոլոր հնարավորությունները բարձրորակ կրթություն ստանալու, ինչու չէ՝ նաև նոր մասնագիտություն ձեռք բերելու համար:

Հիմա հերթով

Կարանտինային կրթարշավին առաջինը միացան Հարվարդի, Սթենֆորդի ու Յեյլի համալսարանները: Որպեսզի հեռավար դասընթացն ավելի հեշտ լինի ու արդյունավետ, նրանք իրենց դասախոսությունները դրեցին բաց հարթակներում:

Դե Պոլի համալսարանի զարգացման ու տեխնոլոգիական նորարարությունների ֆակուլտետի ղեկավար Դենիել Սթենֆորդը Էլեկտրոնային աղյուսակ է կազմել, որտեղ նշել է օնլայն կրթության բոլոր անվճար ռեսուրսները: Ի դեպ, ցանկը կարող եք թարմացնել ու լրացնել ինքներդ, եթե Ձեր իմացած կուրսերից որևէ մեկն այստեղ բացակայում է: Դա անելու համար ընդամենը պետք է լրացնեք օնլայն հայտը: Սթենֆորդի աղյուսակում ընդգրկված է 250 հարթակ, ինչն ավելի քան բավական է կարանտինն արդյունավետ անցկացնելու համար:

Kids Activities Blog-ն էլ հաճելի անակնկալ ունի բոլոր դպրոցականների ու հատկապես նրանց ծնողների համար: Հարթակը մեկ տեղում է հավաքել բոլոր անվճար պորտալները, որտեղ հնարավոր է լրացնել կրթական բացը:  Այդ կայքերից յուրաքանչյուրը Ձեզ հնարավորություն կտա անվճար բաժանորդագրվել ու որակյալ ուսուցում ապահովել Ձեր երեխայի համար: Անցեք հղումով ու ծանոթացեք ամբողջական ցանկին:

Հիանալի հարթակ է նաև Coursera-ն: Այստեղ կան ինչպես վճարովի, այնպես էլ անվճար կուրսեր: Կարանտինի պաճառով հարթակն ավելի է ընդլայնել անվճար դասընթացների քանակը՝ դրանք հասցնելով 3800-ի: Այստեղ դասընթացներ կան բոլոր մասնագիտությունների վերաբերյալ: Կարող եք զրոյից նոր մասնագիտություն յուրացնել, ընդ որում բավականին բարձրորակ: Անցեք հղումով ու սկսեք յուրացնել ժամանակակից ու ապագայի մասնագիտությունները, հատկապես, եթե հաշվապահ եք, կամ ֆինանսիստ:

Եվ մեկ հայկական, ոչ պակաս կարևոր հարթակ: Հուշող՝ Ինքնուսուցում անվանումով ֆեյսբուքյան էջն է, որն իսկական նվեր է դպրոցականների ու հատկապես նրանց ծնողների համար: Այստեղ մեկտեղվում են հայալեզու վիդեոդասընթացներ տարբեր թեմաներով: Կան նաև ուսուցիչների համար նախատեսված հոլովակներ:

Հարթակի հեղինակ Արման Հայրապետյանն ասում է, որ վաղուց էր մտածում նման մի բան ստեղծելու մասին, որը ոչ միայն կօգնի կարանտինի օրերին, այլև հետագա կյանքում նույնպես: Դեռևս այս հարթակում տեղադրված դասընթացները միայն դպրոցականների համար են, շուտով սակայն կլինեն նաև բոլոր տարիքային խմբերի համար պորտալներ: Հեղինակը համոզված է, որ ինքնակրթությամբ կարելի է հասնել  ավելի լավ մասնագիտական որակավորման ու ավելի կարճ ժամկետներում:

Այս բոլոր հարթակները բավական են ոչ միայն կարանտինի, այլև Ձեր հետագա ամբողջ կյանքի համար: Կարող եք սկսել հենց հիմա, քանի որ դասընթացներից շատերը կարանտինից հետո կամ կփակվեն, կամ անվճար չեն լինի:

Աղվան Ասոյան