Կողոպտել են Սթիվ Ջոբսի առանձնատունը

Այսօր ինտերնետում տարածվել է տեղեկություն այն մասին, թե հուլիսի 17-ին կողոպտել են Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի առանձնատունը: Ավազակը հափշտակել է համակարգչային տեխնիկա և թանկարժեք այլ իրեր՝ ընդհանուր 60 000 դոլար արժողությամբ: Ոստիկանությունը շատ օպերատիվ է գտնվել և այսօր արդեն ձերբակալել է ավազակին:

Ինչպես պարզվել է, ավազակը 35ամյա Կարիեն Մակֆարլինն էր: Նա ազատ է արձակվել մինչև օգոստոսի 20-ը՝ 500 հազ. դոլար գրավի դիմաց: Օգոստոսի 20-ին կկայանա դատական լսում՝ որոշելու երիտասարդ ավազակի ճակատագիրը:

Դատախազն առայժմ չի մեկնաբանում, թե արդյո՞ք հափշտակված իրերը պատկանում էին անձամբ Ջոբսին, թե նրա ընտանիքին: Ցավոք, այդ իրերը չեն կարող վերադարձվել Սթիվի ընտանիքին, քանի որ ավազակն արդեն հասցրել էր դրանք վաճառել:

Հայտնի է միայն, որ ավազակը կողոպուտ իրականացնելիս, չի իմացել, թե ում է պատկանում առանձնատունը:

Աղբյուրը՝ Cult of Mac