Շաբաթը եզրափակում ենք շշմեցնող նորությամբ: ԱՄՆ-ի դատարանը բավարարել է Apple ընկերության հայցն ընդդեմ հարավկորեական Samsung Electronics-ի: Սա նշանակում է, որ Apple-ն արտոնագրային «պատերազմում» ամենամեծ հաղթանակն է տանում երբևէ: Samsung-ը պարտավորվում է վճարել 1.05 միլիարդ դոլար տուգանք՝ Apple-ի 6 արտոնագիր խախտելու համար: Հնարավոր է, որ ԱՄՆ-ում արգելվի Samsung-ի որոշ արտադրանքների վաճառքը:
Դատարանը քննել է 7 հայց ընդդեմ Samsung-ի և 5 հայց ընդդեմ Apple-ի: Բոլոր հայցերում երկու կողմերը պնդում են արտոնագրերի խիստ խախտում մյուսի կողմից: Դատարանի որոշմամբ, Samsung-ը խախտել է Apple-ի 6 արտոնագիր, իսկ Apple-ն իր հերթին Samsung-ի 1 արտոնագիր: Հիշենք, որ Apple-ի հիմնական մեղադրանքն էր iPhone և iPad սարքերի կրկնօրինակումը Samsung-ի կողմից:
Apple-ի փաստաբաններն այժմ իրավունք ունեն պահանջելու Samsung-ի արտադրանքների վաճառքի դատական արգելք:
Իր հերթին Samsung-ը հնարավոր է բողոքարկի դատարանի որոշումը: Հերթական լսումը կկայանա սեպտեմբերի 20-ին:
Միանշանակ, ԱՄՆ դատարանի այս որոշումը Apple-ի դիրքերը շարժական սարքերի շուկայում կբարելավի: Apple-ի հաղթանակը տխուր լուր է ոչ միայն Samsung-ի, այլև Google-ի համար, քանի որ վերջինիս Android օպերացիոն համակարգն օգտագործվում էր Samsung-ի սարքերի մեծամասնությունում:
Աղբյուր՝ Reuters