Orange Հիմնադրամի SMS-հանգանակության արդյունքում նվիրաբերվել է 343,700 դրամ

Այսօր Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի երկրորդ փուլի արդյունքում հավաքվել և նվիրաբերվել 343,700 ՀՀ դրամ: Orange Հիմնադրամն իր կողմից նվիրաբերում է նույնքան գումար, որքան բաժանորդները բոլորը միասին, այսինքն` հուլիս ամսվա դրամահավաքի արդյունքում Orange Հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանին է տրամադրում 687,400 ՀՀ դրամ:

Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի` Սյունիքի մարզում բնակվող Ռոմիկի և Արմինեի ընտանիքին օգնելու համար: Վերջիններս ունեն վեց երեխա և կենցաղային ու սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներից երկուսին տասնչորս և տասներկուամյա աղջիկներին ստիպված են եղել հանձնել Կապանի գիշերօթիկ հաստատության հոգածությանը:

Հավաքված գումարով, որին Վորլդ Վիժնը կավելացնի 650,000  դրամ, հնարավոր կլինի գնել խոտհնձիչ և հողամշակ մեքենա, ինչը հնարավորություն կտա ընտանիքի հորը վարձատրության դիմաց մշակել ուրիշների հողատարածքները: Հաշվի առնելով Սյունիքի համայնքներում գյուղմեխանիզացիայի տեխնիկայի սակավությունը` նման ծառայությունները պահանջված են: Ունենալով եկամտի աղբյուր` ծնողները կկարողանան երեխաներին մեծացնել ընտանիքում:

«Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը կտևի մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի, նաև այն երեխաների և ընտանիքների մասին, ովքեր ընդգրկվել են նախագծում: