Ինչպիսին էր հայ-ադրբեջանական երկօրյա կիբերփոխհրաձգությունը

Արդեն երկու օր է, ինչ հայկական ինտերնետ միջավայրը տոնում է հայ հաքերների հաջող հարձակումները՝ ուղղված ադրբեջանական կայքերին: Մասնավորապես, ցնցող էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az և ադրբեջանական մի քանի նախարարությունների կայքերին ուղղված հարձակումները:

Հիշենք, որ օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում գիշերը կացնահարել էր քնած Գուրգենի Մարգարյանին:

Այս լուրը ցնցեց ողջ Հայաստանը՝ դառնալով հայկական ինտերնետ միջավայրում ամենաքննարկվող թեման: Ադրբեջանի այս արարքը չէին կարող անտեսել հայկական հաքերային խմբավորումները: Նույն օրը երեկոյան հայ հաքերները սկսեցին գրոհել ադրբեջանական կայքերը՝ տեղադրելով այնտեղ Գուգրեն Մարգարյանի լուսանկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ:

ittrend.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմեց, որ հայ հաքերների կողմից հարձակման է ենթարկվել 15 ադրբեջանական կայք, ընդ որում, խոշոր նշանակության կայքեր:

«Սկզբից մերոնք կոտրեցին լրատվական econews.az-ը: Դրան հաջորդեց Ալիևի կայքը: Ապա կոտրվել են Ադրբեջանի արդարադատության, կապի, մշակույթի և տուրիզմի նախարարությունների և գերագույն դատարանի կայքը: Խոշոր հարձակումների են ենթարկվել նաև ադրբեջանական առաջատար լրատվականները՝ day.az-ը, trand.az-ը, 1news.az-ը, vesti.az-ը, apa.az-ը»,-նշեց նա:

Փորձագետի խոսքով կատարվել են մի քանի տեսակ հարձակումներ՝ XSS, DDoS և defacement-ներ: Այս բոլոր հարձակումներում ակտիվորեն իրեն դրսևորեց հայկական Armenian Cyber Army հաքերային խմբավորումը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ադրբեջանական կողմը նույնպես ետ չի մնացել՝ պատասխանելով 40 հարձակումով: Ըստ փորձագետի կարևորը որակն է և ոչ թե քանակը:

«Նրանց հարձակումներից ամենալուրջը միայն Երևանի Քաղաքապետարանին ուղղված հարձակումն էր»,- ասաց նա և հավելեց, որ ադրբեջանցի հաքերները փորձել են նաև DDoS հարձակումների ենթարկել հայկական լրատվական կայքերը, որոնց առայժմ հաջողությամբ դիմագրավում են:

Կարելի է արդյո՞ք համարել, որ սկսվել է կիբերպատերազմ: Այս հարցին փորձագետը պատասխանեց.«Ավելի շուտ կարելի է անվանել կիբերփոխհրաձգություն: Այս պահին հարձակումների թափը փոքր ինչ թուլացել է, բայց շարունակվում է»:

Սամվել Մարտիրոսյանը չի խրախուսում հաքերային «կիբերխուլիգանությունը», սակայն ըստ նրա, այս անգամ երկու կարևոր բան ակնհայտ դարձավ. «Նախ, հայ հասարակությանը պետք էր ցույց տալ, որ մենք կարող ենք խոշոր հարձակումներ կատարել: Ադրբեջանցիներն էլ դրանում համոզվեցին: Բացի դրանից, այս հարձակումները PR հետևանք ունեցան, այսինքն Սաֆարովի թեման լրացուցիչ հնչողություն ստացավ»:

Փորձագետը հավելեց, որ վերջին 10 տարում այս կիբերփոխհրաձգությունն ամենախոշորն էր: