Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին`

  • Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
  • ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
  • Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը
  • «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության  հայաստանյան ներկայացչության գործառությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և   Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ,  նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ,   զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական  համալսարաններում սովորելուն:

«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ: Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, ինչի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցների կտրամադրվեն համապատասխան ուսումնական ռոբոտների կոմպլեկտները»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: Հետևաբար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խրախուսող նախաձեռնություններին: Դպրոցական տարիքին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու՝ ներքին պահանջը, դպրոցը դարձնում են իդեալական միջավայր՝ Հայաստանում ռոբոտաշինության ամուր հիմքեր ստեղծելու համար: Վստահաբար, այս երեխաներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ուղղությամբ՝ դառնալով աշխարհի այդ գերկարևոր ոլորտում մեր երկրի մրցակցային առավելության կրողները», – նշում է Ռալֆ Յիրիկյանը: «Ռոբոռաշինության զարգացումը նաև որոշակիորեն կնվազեցնի «ուղեղների արտահոսքը», – ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Դպրոցներում խմբակների դասընթացները նախատեսվում է սկսել 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտները հնարավոր կլինեն ծրագրավորել Լաբվյու, «Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո» ծրագրերի միջոցով:

Մինչ այժմ ռոբոտաշինության խմբակներ առկա են Երևանում գործող Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Ախթալայում, Սիսիանում, Կապանում, Գյումրիում և Թալինում: