ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացահայտում է նորարարական մտածելակերպի գաղտնիքները

Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել էր համալսարանի ուսանողների հետ և հանդես եկել բիզնես-նորարարությունների վերաբերյալ դասախոսությամբ:

Ռալֆ Յիրիկյանի ինտերակտիվ դասախոսության հիմքում ընկերության իրականացրած նորարարական նախագծերն էին: Յիրիկյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգի մասնագետների մշակած և հաջողությամբ իրականացված նորարարական նախագծերին:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը նաև խոսեց ստեղծագործական մտածողությունը խթանող այնպիսի գործոններից, ինչպիսիք են արտադրողականության մշակույթը և սոցիալական ինստիտուտների դերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը ներկայացրեց  ընկերության ղեկավարման ընթացքում կուտակված փորձն ու կարևոր դիտարկումներ այն մասին, թե ինչպես ընկերությանը հաջողվեց դառնալ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը, անըդմեջ պահպանել իր նվաճած դիրքերն ու արձանագրել նոր հաջողություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ինովացիոն մենեջմենտի ոլորտի առաջատարը՝ իր որդեգրած կորպորատիվ մշակույթը տարածելով տնտեսական դաշտում՝ ուսանողությանը հասանելի դարձնելով տարիների ընթացքում ընկերության կուտակած հարուստ փորձը: Կառավարման մշակույթը կարևոր է թե՛ երկարաժամկետ զարգացման, և թե՛ առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետության տեսակետից:

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ գործարար էթիկայից բխող առանցքային քայլերին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Յիրիկյանը ներկայացրեց ընկերության առանցքային արժեքները, ինչպես նաև խոսեց նորարարությունների դինամիկայի և աշխատանքում պատասխանատվության մասին:

«Ներառական մտածողության վրա հիմնված առողջ աշխատանքային միջավայրը, բարոյական նորմերով առաջնորդվելու պատրաստակամությունը, սահմանված նպատակներին հասնելու պատրաստակամությունը նորարարության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Նորարարությանը նպաստող հիմնական գործոններն են հավատը սեփական ուժերի, ապագայի տեսլականի հանդեպ, ինչպես նաև ինքնավստահությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: «Նորարարությունը մտքի արգասիք է: Իսկ ի՞նչն է խոչընդոտում նորարարական մտածելակերպը: Դա միօրինակությունն ու «քարանձավային» մտածելակերպերն են, որոնք պետք է հաղթահարվեն: Տեխնոլոգիաներն ու տարատեսակ տեխնոլոգիական մշակումները համեմատաբար ավելի հեշտ լուծելի խնդիրներ են, քանի որ հանդիսանում են նորարարական մտածողության արդյունքը: Առաջին քայլը, որ պետք է կատարի «բաց» և ներառական մտածելակերպ ունեցող ղեկավարը, նորարարական մտածողությունը խթանող միջավայրը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն է իր ղեկավարած ընկերությունում», – ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Մեկնարկային փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանգնած էր երկընտրանքի առաջ, այն է՝ ընտրություն կատարել զարգացման երկու տարբերակների միջև. ցանցի զարգացումն ու բիզնես-գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստան հրավիրել հեռահաղորդակցության ոլորտի օտարերկրյա հեղինակավոր խորհրդատվական ընկերությունների մասնագետըներին, թե ապավինել սեփական ներուժին՝ փորձ չունեցող, նորավարտ, բայց միաժամանակ՝ ստեղծագործական մտածելակերպով օժտված, գործին նվիրված և իրենց ուժերի հանդեպ հավատով լցված երիտասարդներին: Ընտրվեց երկրորդ տարբերակը, որն էլ, ինչպես երևաց կարճ ժամանակ անց, միանգամայն ճիշտ որոշում էր: