Կայացել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը

Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլն ամփոփել է արդյունքները: Հունիսի 2-ին Արզնի ուսումնական օդանավակայանում կայացած մրցույթին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը և «Armdroid»-ը: Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300գ բեռ և վերադառնում էին մեկնարկային կետ:

Ամենաբարձր միավորները հավաքել և մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500.000 ՀՀ դրամ: 2-րդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400.000 դրամ մրցանակի: 3-րդ տեղ զբաղեցրել է «Armdroid»-ը` 300.000 դրամական մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը և «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի և ստացել 150.000-ական դրամական պարգև:

Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը և հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն և թիրախների խոցում:

Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014թ.-ի մայիսին: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է նորարարական նախագծերի աջակից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: