Թողարկվել է 1 Տբ ծավալով առաջին հիբրիդային սկավառակը

WDՀամակարգչային տեխնիկա արտադրող Western Digital ընկերությունը ներկայացրեց աշխարհում առաջին 2,5 դյույմանոց WD Black2 հիբրիդային սկավառակը, որն իր մեջ միաժամանակ պարունակում է կոշտ սկավառակ՝ 1 Տբ ծավալով և SSD հիշողության կրիչ՝ 120 Գբ ծավալով: Ի տարբերություն Seagate և Western Digital ընկերությունների կողմից ստեղծված նախորդ հիբրիդային սկավառակների՝ որոնցում SSD հիշողությունը օգտագործվում էր հաճախ օգտագործվող տվյալների քեշավորման և դրանց բեռնման գործընթացի արագացման համար, WD Black2-ում հնարավոր է SSD-ի վրա տեղադրել օպերացիոն համակարգը և այլ ծրագրային ապահովում, իսկ կոշտ սկավառակը օգտագործել այլ տվյալների պահպանման համար:

WD Black2-ը ունի ստանդարտ SATA ինտերֆեյս և 2,5 դյույմանոց ֆորմ-ֆակտոր, որը թույլ է տալիս օգտագործել SSD և HDD սկավառակները հիբրիդային տեխնոլոգիայով նոթբուքների վրա, որոնք մեկ բնիկ ունեն ներքին սկավառակի վրա: Հիբրիդային սկավառակը դեռևս չի աշխատում Mac OS օպերացիոն համակարգի հետ և ապահովում է միայն Microsoft Windows-ի ՕՀ-ների աշխատանքը: WD Black2-ը վաճառվում է ընկերության ինտերնետ-խանութում 299 դոլարով:

Աղբյուր՝ pcworld.com