Windows Store–ի այն հատվածում, որտեղ ցուցադրվում են Windows 10–ի համար նախատեսված հավելվածներն ու ծրագրերը, առաջին անգամ հայտնվել է նաև Apple–ի արտադրանքը։ Խոսքը iTunes–ի մասին է։
Ծրագիրը նախատեսված է երաժշտություն լսելու և ֆիլմեր դիտելու, App Store–ից բջջային հավելվածներ գնելու համար։ iPhone արտադրող ընկերությունը iTunes–ի Windows տարբերակը թողարկում է արդեն շուրջ 15 տարի, բայց այս բոլոր տարիների ընթացքում տարածում էր հավելվածը իր կայքի միջոցով։
Գրեթե մեկ տարի առաջ Microsoft–ը հայտարարեց, որ պատրաստվում է iTunes–ը ներառել Windows Store–ում մինչև 2017–ի ավարտը։ Ընկերությունը չհասցրեց իրականացնել իր խոստումը դեռևս անհայտ պատճառներով;
iTunes–ի ընդգրկումը Windows Store–ում հեշտացրել է օգտատերերի աշխատանքը, բացի այդ այն հասանելի և հեշտ կիրառելի կդառնա ավելի մատչելի պլանշետների և նոութբուքների համար։
Windows–ի համար նախատեսված iTunes-ը թողարկվել է 2003 թվականին և նախատեսված է եղել iPod–ում երաժշտություն ավելացնելու համար։